ԿԱՏԱՐՅԱԼ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ. ԼԵՎՈՆԸ ԾՆԵՑ ՆԻԿՈԼԻՆ, ՆԻԿՈԼԸ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՈՒՄ Է ԼԵՎՈՆԻՆ
Բացարձակ սուտ. աշակերտը գերազանցեց ուսուցչին
Սենսացիա չստացվեց. ասեկոսեներն այն մասին, որ ՀԱԿ առաջնորդ, նախկին նախագահ Տեր-Պետրոսյանը երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել է համատեղ գնալ ընտրությունների, շրջանառվում էին մարտի վերջից։ Այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է առաջադրվել միասնական դաշինքի կազմում, նույնպես բոլորը գիտեին։ Որ Սերժ Սարգսյանն անտեսում է այդ առաջարկը, նույնպես դժվար չէր կռահել։
Մայիսի 6-ին «գաղտնազերծելով» Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման հանգամանքները, Տեր-Պետրոսյանը փորձեց ուշադրություն հրավիրել յուր անձի վրա՝ նախընտրական մրցավազքի նախաշեմին։ Օգնենք նրան որոշ բաներ հիշել։
ՆՐԱ ԱՇԱԿԵՐՏԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԵԿԱՎ «ՆԱԽԿԻՆՆԵՐԻՆ» ՀԱՍՑԵԱԳՐՎԱԾ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ։ Տեր-Պետրոսյանի կուսակցությունը ակտիվորեն աջակցում էր դրան։ Տեր-Պետրոսյանը նույնպես իշխանության էր եկել սոցիալիստական կարգերի քննադատության ալիքի վրա։ 3 տարի անց Նիկոլը փորձում է կրկնել վաղեմի հնարքը, խաղալով ներկաներ-նախկիններ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ, սպիտակներ-սևեր մտացածին դիմակայության վրա։ Այդպես լինում է, երբ իշխանությունը ներկայացնելու էական ոչինչ չունի։ Նիկոլը գործի է դրել 2008-ի նախագահական ընտրություններին մասնակցելու համար ակտիվ քաղաքականություն վերադառնալու Տեր-Պետրոսյանի գլխավոր թեզը ։ Ձմեռային նախընտրական հանրահավաքներից մեկի ամբիոնից Տեր-Պետրոսյանը պատասխանեց բազմակուսակցական Կոնգրեսի հասցեին հնչող քննադատությանը, որի կազմում հավաքվել էին ՀՀՇ-ի նախկին անդամներն ու նախկին իշխող ուժի արբանյակ կուսակցությունները։
Նա ասաց, թե իբր՝ երբ ՀՀՇ-ն եկավ իշխանության, Հայաստանում թալանելու ոչինչ արդեն չկար, ուստի իր նախագահության տարիներին սեփականաշնորհման անվան տակ «թալան» (նախկին սոցսեփականության յուրացում) չի եղել։ Այդ խոսքերին արձագանքեց ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը (լուսահոգի Կարեն Դեմիրճյանի որդին)։ Իսկ հիմա համեմատեք Տեր-Պետրոսյանի այդ խոսքերը նրա հետ, ինչ այսօր ասում է իր աշակերտը։ «30 տարի հետո պարզվեց, որ երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, ներառյալ բանակը»,- մայիսի 3-ին խորհրդարանի լիագումար նիստի ամբիոնից հայտարարեց կապիտուլյանտը: Զգո՞ւմ եք մոտեցումների նույնականությունը։ Տեր-Պետրոսյանը հայտարարում էր, թե նախկին իշխանությունից ոչինչ չէր մնացել, այդ իսկ պատճառով թալանելու բան չկար, Փաշինյանն ասում է, թե անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանում ոչինչ չեն ստեղծել։ Երկու հայտարարություններն էլ բացարձակ սուտ են, ընդ որում աշակերտն ակնհայտորեն գերազանցել է ուսուցչին:
Այն ամենի ցանկը, ինչ թալանել է հհշական իշխանությունը, կզբաղեցներ լրագրային բազմաթիվ էջեր։ Շատերը հիշում են այն ժամանակները, երբ մեկսենյականոց բնակարանի գնով սեփականաշնորհվում էին գործարանները, իսկ մետաղի ջարդոնի գնով Իրան էին արտահանվում եզակի հաստոցներ ու սարքավորում։ Այդ թալանի համար ոչ ոք պատասխան չտվեց։ Հակառակ դեպքում Լևոնը չէր վերադառնա ակտիվ քաղաքականություն, Նիկոլ չէր ծնի ու տեղի չէր ունենա 2008-ի «մարտի 1»-ը։ Ուսուցչի և աշակերտի համար սուտ խոսելը շնչելուց էլ հեշտ է, և ամեն խոսքի մեջ՝ ժառանգորդություն: Ժառանգորդություն հռետորաբանության, ատելություն սերմանելու հմտության մեջ։ Տեր-Պետրոսյանը բոլորովին չի ուզում պատմության մեջ մնալ որպես ՀՀՇ-ի ավազակապետական ռեժիմի պարագլուխ, որը բուծեց ու երկրի վզին փաթաթեց թուրքական փոխանորդի, բայց փաստերը համառ բան են։
Հունիսին Ստեփանակերտը «ադրբեջանակա՞ն» է լինելու
Այսօր Փաշինյանն ասում է, թե 30 տարի շարունակ Հայաստանում իշխանությունը հենված է եղել կոռուպցիայի վրա, իսկ «երբ կոռուպցիան քանդուքար արեցինք, մնացած ամեն ինչը խաղաքարտային տնակի նման սենց քանդվեց»։
Ուշադրություն դարձրեք, պարոնայք, կոռուպցիայի մասին խոսում է ամենակոռումպացված վարչապետը անկախության ողջ պատմության մեջ։ 3 տարվա ընթացքում Հայաստանում չի կայացվել կոռուպցիայի փաստով ոչ մի դատավճիռ, այդ ո՞վ է «քանդուքար արել» կոռուպցիան: Բաքվում արդեն խոսում են, թե հունիսին Ստեփանակերտը ադրբեջանական է լինելու։ Այդ կանխատեսումները հնչեցվել են հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների հեռանկարով։ Իլհամ Հեյդարիչը մեծապես հուսով է, որ այդ օրը իր դրածո Փաշինյանը իշխանության մեջ կվերարտադրի իր թուրքամետ հրոսակախմբին, իսկ վերջինս կընտրի նրան վարչապետ։
Եթե հունիսի 20-ին Նիկոլը վերադառնա իշխանության, ապա նա ավարտին կհասցնի Հայաստանի փլուզման ծրագիրը։ Փլուզված երկիրն ավելի հեշտ է վերածել Թուրքիայի վիլայեթի։ 3 տարվա ընթացքում Փաշինյանին և իր թուրք-սորոսական հինգերորդ շարասյանը չհաջողվեց հիմնովին քանդել պետությունը նույնիսկ ամենաայլասերված բարբարոսական մեթոդների օգնությամբ։ Դեռևս ողջ է և գործում է բանկային համակարգը, չնայած «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով այն ոչնչացնելու փորձերին, ողջ է և գործում է արդարադատության համակարգը, չնայած սորոսական նախարար Ռուստամ Բադասյանի բոլոր ջանքերին՝ վերածելու արդարադատությունը պատերի տակ վնգստացող դատավորների հավաքածուի:
ՍԴ-ն կապիտուլյանտի հլու-հնազանդ կցորդը դարձնելու համառ փորձերին հակառակ՝ դատավորները որոշում կայացրեցին Հիմնական օրենքին ՀՀ Քր.օր.-ի 300.1-րդ հոդվածի անհամապատասխանության մասին, ինչը հիմք ծառայեց սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ անձանց հանդեպ իրականացվող հալածանքը կասեցնելու համար: Դեռևս ողջ է գեներալակազմը, չնայած մարտական գեներալներին ոչնչացնելու բոլոր փորձերին: Ի հեճուկս կապիտուլյանտի բոլոր փորձերի՝ Սյունիքում սահմանին դեռևս կանգնած են կամավորական ջոկատները, իրենց երկիրը դեռևս պաշտպանում են նրանք, որոնց սրտից չկարողացան դուրս մղել Հայրենիքի զգացումը սորոսական էմիսարները։ Երկիրը դիմադրում է, նրան պետք է օգնել կանգուն մնալ անկախության համար դժվարին պայքարում։
«Կեղծ պետություն» և սուտ մատնություն սեփական մոր դեմ
Դասալիք Փաշինյանին ձայնակցում է «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը: «Մենք կեղծ պետություն ենք կառուցել՝ իր բոլոր ինստիտուտներով, այդ թվում՝ կեղծ է եղել բանակը»,- խորհրդարանի բարձր ամբիոնից հայտարարեց դասալիքը, որը դատվել է կեղծիքի հիման վրա բանակում ծառայությունից խուսափելու համար:
ՆԱ ԱՌ ԱՅՍՕՐ ՎՐԵԺ Է ԼՈՒԾՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՑ ԻՐ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ։ Օրերս այդ արարածը հայտարարեց, թե հողերի հանձնման մասին հայտարարությունը ցնցեց ժողովրդին, որովհետև «մենք սովոր էինք ապրել հաղթողի կարգավիճակում»։ Հետաքրքիր է, նա իրեն հաշիվ տալի՞ս է, որ հաղթողի կարգավիճակն առաջացել է բնավ ոչ ինքնաբերաբար, այլ դարձել հենց այն պետության ղեկավարների ջանքերի արդյունքը, որը դասալիքներն անվանում են «կեղծ»։ Կեղծը սեփական մոր դեմ Բաբաջանյանի մատնությունն էր դատարանի դահլիճում…
Ինչպես արդեն հաղորդվել է, Բաբաջանյանի կուսակցությանը Նիկոլը բաց է թողել նախընտրական դաշտ, որպեսզի դա հնարավորինս շատ ձայներ պոկի իրական ընդդիմությունից։ Բաբաջանյանն ու իր կուսակցությունը Փաշինյանի ամենահուսալի արբանյակներն են։ Այդ մասին հեշտ է կռահել պետության վարկաբեկմանն ուղղված նրանց հռետորաբանությունից։ Նույն այն պետության, որը կառուցել են նախկին առաջնորդներն ու փոխանցել Նիկոլին։ Խոսքը մարտունակ բանակ ունեցող պետության մասին է, բանակցային գործընթացում շահեկան դիրքերով, տնտեսության, գյուղատնտեսության և առաջավոր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներով։ Այդ ժառանգությունից շատ բան ոչնչացնելով՝ Նիկոլն ու իր թայֆան սկսեցին ասել, թե ոչինչ չեն ժառանգել, ճիշտ ինչպես Լևոն Հակոբիչը, որը լուսահոգի Կարեն Դեմիրճյանից ստացավ զարգացած արդյունաբերությամբ, քաղաքակերտ ձեռնարկություններով, գործարաններով ու ֆաբրիկաներով երկիր։
Հողերի խայտառակ հանձնումից, ավելի քան 5 հազար երիտասարդ կյանք կործանելուց և հայկական երկրորդ հանրապետության տարածքի 75%-ը կորցնելուց հետո Նիկոլն ու իր արբանյակներն արտահերթ ընտրությունների են գնում «Ապագա կա» կարգախոսով։ 3 տարի առաջ Հայաստանի և Արցախի համար կար ապագա, աշխարհի քարտեզի վրա կար հայկական երկու անկախ պետություն։ 3 տարում Նիկոլը կործանեց դրանցից մեկը, հիմա փորձում է կործանել երկրորդը։ Ժողովրդին ներշնչում են, թե ինքն անցյալ չի ունեցել, անկախ պետականություն չի ունեցել, չի ունեցել ո՛չ երկիր, ո՛չ բանակ, ո՛չ էլ պետության այլ ատրիբուտներ։
Կապիտուլյանտը փորձում է ժողովրդի հիշողությունից ջնջել 30 տարիները
Առանց այդ հիշողությունների, տոտալ մանկուրտացման արդյունքում զանգվածներն ավելի հեշտությամբ կհամակերպվեն այն բանի հետ, որ հունիսի 20-ի ընտրություններում Փաշինյանի հաղթանակի դեպքում Հայաստանը քարտեզի վրա կմնա որպես Թուրքիայի նահանգներից մեկը՝ հայազգի բնակչությամբ։ Այդ բնակչությունը չի ափսոսա Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կորստի համար. չէ՞ որ անիմաստ է ափսոսալ այն, ինչը երբեք «չի եղել»։
Ժողովրդին ամեն օր ներշնչում են, թե 30 տարին իզուր է անցել, թե բացի կոռուպցիայից՝ ուրիշ ոչինչ չի եղել. ո՛չ հաղթանակներ, ո՛չ ազատագրված Արցախ, ո՛չ ամենապաշտպանված սահմաններ, ո՛չ ամենամարտունակ բանակ Հարավային Կովկասում: Չեն եղել տնտեսական աճի երկնիշ ցուցանիշները, աղետի գոտու վերականգնումը, Իրան-Հայաստան գազատարը, Հյուսիսային պողոտայի կառուցումը, արդիականացված ոռոգման համակարգը, զարգացած գյուղատնտեսությունը, նոր տեխնոլոգիաների զարգացումը, և Ալիևն էլ չի ասել, որ մեծ քաղաքականության կուլիսներում իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Վերոնշյալ նիստի ամբիոնից Փաշինյանը հայտարարեց, թե իբր՝ ոմանց թվում է, թե «власть меняется» (այդ բառակապակցությունը նա արտաբերեց հենց ռուսերեն), որից հետո ընդգծեց, թե Հայաստանում իշխանությունը փոխվել չի կարող, քանի որ այդ իշխանությանն ընտրել է ժողովուրդը։ 3 տարի առաջ ընտրել է, իսկ հունիսի 20-ին չի ընտրի, որպեսզի պահպանի Հայրենիքն ու Արժանապատվությունը։ Այդպես էլ կլինի, եթե ժողովուրդը խանգարի Փաշինյանին կրկնօրինակել իր ուսուցչին։
1991թ. հոկտեմբերի 16-ին Տեր-Պետրոսյանը նախագահ ընտրվեց արդար ընտրությունների միջոցով, 1996թ. սեպտեմբերի 22-ի ընտրությունների արդյունքները ենթարկվեցին համատարած ընտրակեղծիքների։ Փաշինյանը պատրաստվում է կրկնել այդ ճանապարհը։ Նա պատրաստ չէ լքել վարչապետի աթոռը և ազատել կառավարական ամառանոցը, փոխարենը՝ պատրաստակամորեն հրաման կտա կրակել մարդկանց վրա, եթե զանգվածները դուրս գան փողոց՝ բողոքելով ընտրակեղծիքների դեմ։ Փաշինյանն ու իր ավազակախումբը այդ մասին խոսում են բաց տեքստով։
1996թ. քվեարկության արդյունքների խայտառակ կեղծումից հետո Երևանի փողոցներում տանկեր էին կանգնած, իսկ ՀՀՇ-ի գլխավորած «Հանրապետություն» խմբակցության պատգամավորները մի խումբ ավտոմատավորների նշանառության տակ լիագումար նիստերի դահլիճում քվեարկում էին ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օգտին։ Նույն այդ ժամանակ ընդդիմության ներկայացուցիչներին ոստիկանությունում խոշտանգում էին Մուշեղ Սաղաթելյանի դահիճները...