«ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Ուղիղ 3 տարի առաջ, նույն այս օրերին, թավշե հեղաշրջումից և կառավարության փոփոխությունից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով «Ազգ-Բանակ» հայեցակարգի մասին, դեմ արտահայտվեց դրան՝ հայտարարելով. «Մեր հասարակությունը շատ գիտակից է, և նրան պետք չէ առավոտից երեկո սովորեցնել ազգ սիրել, որովհետև «Ազգ-Բանակ» կոնցեպտն առաջարկողների հիմնական թեզն այն է եղել, որ այս քաղաքացիները չեն սիրում այս հայրենիքը և պետք է նրանց սովորեցնել»։ Այդպիսով հերթական քարը նետելով «նախկինների» բոստանը՝ «թավշե» իշխանությունը ձեռքի թեթև շարժումով խոցեց միակ արդյունավետ մոդելը, որը կոչված է դառնալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի անվտանգության ազգային ուսմունքի անկյունաքարը։

Доктор политических наук Армен АЙВАЗЯН

Դեռեվս 3 տարի առաջ «ԳԱ»-ին տված հարցազրույցում քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ, որը հորինել և ըստ էության գիտական լայն շրջանառության մեջ է դրել «Ազգ-Բանակ» տերմինը հեռավոր 2003 թվականին, խոսում էր այն մասին, որ Հայաստանը, որի գոյությանը սպառնում են միանգամից երկու էկզիստենցիալ թշնամի՝ Ադրբեջանն ու Թուրքիան, չունի այլ ճանապարհ, քան կառուցել իր ռազմական քաղաքականությունը հենց «Ազգ-Բանակ» սկզբունքով։

«Խոսքը հասարակության և բանակի փոխհարաբերությունների հատուկ մոդելի մասին է, որը պատմականորեն որդեգրել են այն պետությունները, որոնք զիջել են իրենց հավանական հակառակորդներին բնակչության թվաքանակով և այլ կարևոր ռեսուրսներով: Իրենց զինված ուժերի այդպիսի կազմակերպումը շատ արդյունավետ են օգտագործել հատկապես Շվեյցարիան և Իսրայելը,- նշում էր Ա.Այվազյանը։- «Ազգ-Բանակ» հայեցակարգի ողջ էությունը 18-ից մինչև 55 տարեկան բոլոր տղամարդկանց գործուն ներգրավվածությունն է պահեստուժում, երբ թե՛ մեծահարուստը, թե՛ չունևորը պարտավոր կլինեն տարեկան առնվազն 2-3 շաբաթ զինվորական պատրաստականություն անցնել բանակում՝ ծառայելով հավասար հիմունքներով և լիակատար հավասարապաշտության պայմաններում: Հայկական բանակը պետք է լինի ոչ թե սովորական կանոնավոր բանակ, այլ առավելապես պահեստուժի բանակ։ Պահեստուժի համար կարևոր են. ա) մեծությունը, բ) արագ զորահավաքը (մոտավորապես 24 ժամում), գ) արդյունավետ ներգրավումը մարտական գործողություններում՝ առանց հետզորահավաքային մարզումների վրա լրացուցիչ ժամանակ ծախսելու»:

Այն ժամանակահատվածում, երբ պաշտպանության նախարարը Վիգեն Սարգսյանն էր, պետական մակարդակով հռչակվեց նոր ռազմական քաղաքականությունը, որը ստացավ «Ազգ-Բանակ» անվանումը։ Բանակում անցկացվեցին մի շարք մասնավոր և, հարկ է նշել, ընդհանուր առմամբ հաջող բարեփոխումներ։ Սակայն գուցե օբյեկտիվ, իսկ գուցեև սուբյեկտիվ պատճառներով այդ նոր քաղաքականությունը, ըստ էության, չանդրադարձավ «Ազգ-Բանակ» մոդելի գլխավոր բաղադրիչի վրա. բանակային մեծաթիվ ու լավ պատրաստված պահեստազորի ստեղծման։ Այսօր՝ 44-օրյա պատերազմից և պարտությունից հետո, անվտանգությանը սպառնացող ամենաիրական վտանգների պայմաններում (մասնավորապես՝ Սյունիքի պարագայում) «Ազգ-Բանակ» հայեցակարգը ձեռք է բերում ոչ թե պարզապես կարևոր, այլ գոյաբանորեն անհրաժեշտ նշանակություն։

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԵՎ ԴՐԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՄԵՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ ոչ միայն պարզապես պահպանվում է, այլև աճել է բազմապատիկ,- ասում է Արմեն Այվազյանը: - Մեր անվտանգության մի շարք հիմնական բաղադրիչներ ոչնչացվեցին հասկանալի պատճառներով. մենք կորցրեցինք տարածքներ, որոնք որոշակի ռազմավարական խորություն էին ներկայացնում, տրանսպորտային հաղորդակցություններ Արցախի հետ և նույնիսկ բուն Հայաստանի ներսում, Սյունիքում: Հայկական զորքն Արցախում քանակական առումով կրճատվել է մի քանի անգամ և փաստացի լիովին կտրված է ՀՀ-ում հայկական բանակից։ Կորսված են կարևորագույն ռազմավարական շրջաններն ու բարձունքները։ Պետք է մտածել վատթարագույն սցենարների մասին, հատկապես Սյունիքը զավթելու, հայ բնակչությանը վտարելու Ադրբեջանից հնչող մշտական սպառնալիքների համատեքստում, Ադրբեջանի նախագահի մակարդակով արվող այն հայտարարությունների, թե իբր՝ Զանգեզուրը, Սևանը, Երևանը Ադրբեջանի պատմական հողերն են և «101 տարի անց իրենք մտնում են օկուպացված Սյունիք»։ Այս ամենին պետք է շատ լուրջ վերաբերվել, չվերագրելով այդօրինակ հռետորաբաությունը քարոզչությանը»։

Ա.Այվազյանի խոսքերով, այսօր Հայաստանում, հատկապես Սյունիքում, պետք է անհապաղ ստեղծել ամրացված շրջաններ: Դրանցից յուրաքանչյուրը (լինի դա Մեղրին, թե Սիսիանը) պետք է կարողանա միայնակ և տևականորեն դիմակայել հակառակորդի լայնածավալ գրոհին, եթե դա տեղի ունենա։

«Ողջ պարագծով անհրաժեշտ է կառուցել ամրաշինական հիմնավոր կառույցներ և դիմադրության հանգույցներ, որոնք կհամալրեն լեռնային տեղանքի տրամադրած բնական պաշտպանական հնարավորությունները,- նշում է Ա.Այվազյանը:- Հայկական բանակի Սյունիքում տեղակայված զորամասերն առաջինը պետք է հագեցվեն նորագույն սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, հատկապես հակաօդային պաշտպանության համակարգերով, անօդաչու թռչող սարքերով, հրթիռահրետանային, հակատանկային և այլ զինատեսակներով: Սյունիքի, ինչպեսև ողջ Հայաստանի չափահաս բնակչության արական մասն ամբողջությամբ, իսկ կանայք՝ մասամբ, պետք է պատրաստականություն անցնեն և ձևավորվեն որպես արդյունավետ, մշտապես զինված զորահավաքային պահեստուժ և աշխարհազոր: Իսկ ընդհանրապես պետք է փոխել ողջ ռազմական քաղաքականությունը։ Հայկական բանակի ստեղծումն «Ազգ-Բանակ» սկզբունքով՝ նշանակում է, կրկնում եմ, ունենալ առաջին հերթին արդյունավետ, գործուն պահեստուժ, որը կարող է կանգնել գործող բանակի կողքին 24-48 ժամում։ Որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ այս պատերազմի ժամանակ, երբ պետք էր շաբաթներով մարզել մարդկանց՝ ռազմաճակատ ուղարկելու համար, կամ առաջնագիծ ուղարկել ընդհանրապես անպատրաստ»։

Մինչդեռ գործող իշխանությունները, դատելով հրապարակային հայտարարություններից, ամենևին էլ տրամադրված չեն որևէ հետևություն անել և դեմքով շրջվել դեպի «Ազգ-Բանակ» հայեցակարգը։ Ավելին, Փաշինյանը հանդես է գալիս բանակի փաստացի լուծարման օգտին՝ առաջարկելով ամբողջությամբ դարձնել այն պայմանագրային հիմունքներով, այսինքն մի քանի անգամ կրճատել թվաքանակը։ Իսկ մնացածները զինվորական պատրաստականություն անցնեն 5 տարին մեկ՝ 3-ական ամսով։

«Եթե նման անհեթեթ հայեցակարգն ընդունվի, դա պարզապես կոչնչացնի մեր զինված ուժերը,- համարում է Ա.Այվազյանը։- Առկա սպառնալիքների պայմաններում 10-15 հազար պայմանագրային զինծառայող ունենալը բացարձակապես անընդունելի տարբերակ է, եթե հաշվի առնենք, որ հակառակորդը գերազանցում է մեզ քանակական առումով, ինչպեսև, ասենք, բազմաթիվ այլ պահուստային բնութագրիչներով: Այսօր մեզ ասում են, թե անցկացվում է ինչ-որ բարեփոխում։ Ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը։ Ոչ ոք ոչինչ չգիտի։ Եվ չի կարող լինել որևէ այլ բարեփոխում, քան հիմնված «Ազգ-Բանակ» հայեցակարգի վրա։ Երբ, կրկնում եմ, արական սեռի ողջ չափահաս բնակչությունն ու իգական սեռի բնակչության մի մասը պետք է մշտապես, ցանկացած պահի պատրաստ լինեն Հայրենիքի պաշտպանությանը»: