2021-05-09 10:30
Լրատվական գործակալություններ
ՀՀ ոստիկանապետը նոր տեղակալ ունի
Ոստիկանության բարձրագույն ղեկավարությունը համալրվել է ևս մեկ փոխոստիկանապետով։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Կամո Ցուցուլյանը նշանակվել է հանրապետության ոստիկանության պետի տեղակալ։ Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Կամո Ցուցուլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ»,- նշված է հրամանագրում։
Հավելենք, որ Կամո Կոլյայի Ցուցուլյանը ծնվել է Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ 2020 թվականից մինչ այժմ զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։