Նռնաձոր գյուղում նոր թաղամաս է կառուցվում տեղահանված արցախցիների համար

Այսօր Սյունիքի մարզի Նռնաձոր գյուղում տեղի ունեցավ կառուցվող նոր թաղամասի երկու առանձնատների հիմնարկեքի արարողությունը: Տեղեկությունը հայտնում է Մեղրիի համայնքապետարանը Facebook-ի պաշտոնական էջում։

Թաղամասի կառուցումն իրականացնում է վերջերս հիմնադրված «Մեղրիի զարգացման հիմնադրամը»: Ֆինանսավորումն իրականացվում է բարերարների միջոցներով:

Նախատեսվում է կառուցել 30 անհատական բնակելի առանձնատների թաղամաս, որտեղ կվերաբնակեցվեն պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիները։

Արդեն ավարտվել են գեոդեզիական և հողահարթեցման աշխատանքները, մեկնարկել է թաղամասի առաջին տների շինարարությունը։

«Ծրագիրն այսքանով չի սահմանափակվում, մեր հեռահար նպատակների շրջանակներում է ընդգրկված ամբողջ Մեղրի համայնքը: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հայրենիքը սկսվում է սահմանից և հենց դրանով էր պայմանավորված, որ ընտրեցինք հայրենիքի վերջին, սահմանամերձ համայնքը՝ շենացնելու, նոր շունչ հաղորդելու ու վերաբնակեցնելու համար»,- իր խոսքում նշել է Սյունիքի բարեգործական հիմնադրամի տնօրեն Գուրգեն Գրիգորյանը։

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, ինչի արդյունքում Նռնաձորը՝ հարավարևելյան ուղղության առաջին սահմանամերձ գյուղը, կվերաբնակեցվի և նոր շունչ կստանա:

Տեր Ռաֆայել քահանա Խաչիկյանի ձեռամբ օծվել են նոր կառուցվող առանձնատների հիմնաքարերը:

Հիմնարկեքի կարգից հետո կազմակերպվել է մատաղի հյուրասիրություն, տեղեկացնում է Sputnik Armenia: