Արցախում «Անմահների գնդի» երթին «մասնակցել» են նաև Արցախյան նորօրյա հերոսները

Արցախի մի շարք բնակավայրերում այսօր Հաղթանակի օրվա առթիվ անցկացվել է «Անմահների գնդի երթ»-ը։

Մեծ Հայրենականի մասնակից հայ հերոսների ու անվանի զորավարների լուսանկարների շարքում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում անցկացված երթի մասնակիցները տարել են նաև Արցախյան երկու պատերազմների մասնակից զինվորների ու ազատամարտիկնրի լուսանկարները:

Երթի մասնակիցները քաղաքային հուշահամալիրում նաև ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ և հարգանքի տուրք մատուցել Մեծ Հայրենականի ու Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին:

Արցախի մայրաքաղաքում անցկացված «Անմահների գնդի» երթին մասնակցում էր նաև Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Անմահների գնդի» երթեր են անցկացվել նաև Մարտակերտում և Մարտունիում, տեղեկացնում է Sputnik Armenia: