Ադրբեջանը շարունակում է կեղծ քրեական գործեր հարուցել գերեվարված հայերի դեմ
Ադրբեջանը ոչ միայն չի կատարում գերիների անվերապահ վերադարձի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները, այլև հանդուգն կերպով փորձում է գերիներին որպես «վարձկան» ներկայացնել և նրանց դեմ կեղծ քրեական գործեր է հարուցում:
Turan-ի տվյալներով՝ Ադրբեջանի գլխավոր դատախազ Կամրան Ալիևը լրագրողներին հայտնել է այդպիսի հերթական քրեական գործերի մասին: Խոսքը հայկական ծագմամբ Լիբանանի քաղաքացիների մասին է, ում Ադրբեջանը փորձում է որպես «վարձկաններ» ներկայացնել՝ չնայած այնտեղ էլ լավ գիտեն, որ դա այդպես չէ:
Լիբանանի քաղաքացու դեմ մի քրեական գործն արդեն ուղղվել է Բաքվի ռազմական դատարան: «Այլ ահաբեկիչների դեմ քրեական գործերը մոտենում են ավարտին»,- հայտարարել էր Ալիևը:
Նրանցից մեկը Լիբանանի քաղաքացի Էուլջեկջյանն է (ծնվ. 1979): Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 114.3 (վարձկանի մասնակցություն ռազմական բախումներին կամ ռազմական գործողություններին), և 214.2.1 (մի խումբ անձանց կողմից նախնական դավադրության միջոցով կատարված ահաբեկչություն), 318.2 (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում) և այլ հոդվածներով, տեղեկացնում է News.am-ը: