Արման Թաթոյանը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Facebook–ի իր էջում պատասխանել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի այսօրվա հայտարարությանը, որտեղ նա Ադրբեջանում պահվող հայ գերիներին անվանում է ռազմական հանցագործներ։


«Ադրբեջանի հատուկ ծառայության մարմինների իրականացրած գործողությունների արդյունքում սադրիչ-դիվերսիոն գործողություն իրականացրած հայ զինծառայողներից մի քանիսը ոչնչացվել են, իսկ մի քանիսը՝ ձերբակալվել։ Ներկայումս նրանց հետ կապված քննչական գործողությունները շարունակվում են»,– ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է հայ գերիների իրավունքներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի նշված պնդումները կոպտորեն ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքը, այդ թվում՝ մարդու իրավունքները:

«Իրականությունն այն է, որ առկա է ընթացիկ, բաց զինված հակամարտություն (armed conflict): Միջազգային (մարդասիրական) իրավունքի տեսանկյունից սա նշանակում է, որ անկախ նրանից` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո են գերեվարվել, թե ոչ, նրանք իրավական կարգավիճակով գերի են և պետք է ազատ արձակվեն անհապաղ՝ առանց որևէ նախապայմանի»,– ասվում է Թաթոյանի տարածած հայտարարության մեջ։

Ըստ նրա` ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են գերիների վերադարձի գործընթացը՝ որպես պատիժ այն դեպքում, երբ դա ավտոմատ կիրառման ենթակա միջազգային պահանջ է:

Մյուս կողմից, Ադրբեջանը նաև դիտավորյալ չի հայտնում գերիների իրական թիվը` ոչ միայն խախտելով գերիների իրավունքները, այլև հոգեկան տառապանքներ պատճառելով գերիների ու անհետ կորածների ընտանիքներին, լարվածություն առաջացնելով հայ հասարակությունում:

Թաթոյանի դիտարկմամբ` գերիների ազատ արձակման հարցը պետք է դիտարկել Ադրբեջանի իշխանության մարմինների հայատյացության ու թշնամանքի քաղաքականության համատեքստում։

Պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջազգային մարդասիրական իրավունքը խախտող հայտարարության վրա, տեղեկացնում է Sputnik Armenia։