Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան

Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրթիռային հարձակման հետևանքով Լոդում մարդիկ են մահացել, զոհերի թվում նաև երեխա կա:

«Ցերեկը իրավիճակը հանգիստ է լինում, հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին է լարված։ Գնդակոծությունների հետևանքով հայկական տաճարները չեն ավերվել»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրում կյանքն ընթանում է սովորական ռեժիմով, մարդիկ նաև աշխատանքի են գնում, այդ պատճառով ռազմական կամ արտակարգ դրություն չի մտցվել: Ըստ Հակոբյանի` Իսրայելում կարծում են, որ հատկապես լարված կլինի այսօր երեկոյան, քանի որ մայիսի 12-ը ռամադանի վերջին օրն է (մահմեդականների համար պարտադիր պահքի ամիս):

ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների հետ:

«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան, համայնքային կյանքն ընթանում է բնականոն հունով»,– հաստատեցին գերատեսչությունից: