Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐ ԱՌՋԵՎ ԽՆԴԻՐ Է ԴՐԵԼ ՄԻՆՉԵՎ ՀՈՒՆԻՍԻ 20-Ը ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԿՈՐԶԵԼ ՀՀ-ԻՑ

Վերջին շրջանում Ադրբեջանը փորձում է մեծացնել ճնշումը Հայաստանի վրա և պատահական չէ, որ «Զանգեզուրի միջանցքի» և նրա նկատմամբ հավակնությունները տարբեր դրսևորումներ են ստանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանում շտապում են, որովհետև Հայաստանում արտահերթ ընտրություններ են սպասվում, իսկ իրենց նախընտրելի թեկնածուի պարտվելու հավանականությունն աճում է:

Խնդիրն այն չէ, թե ինչով է Ադրբեջանն օգնում այս իշխանություններին, հարցը նրանում է, որ Ադրբեջանի առավել քան երբևէ պետք է Հայաստանի այս իշխանությունների վերարտադրությունը, ինչը նրանց համար պետք է ապահովի սեփական ռեգիոնալ հավակնություններն ամբողջությամբ բավարարելու հարցը:

Հայաստանյան ընդդիմադիր դաշտում դիրքավորված հիմնական դերակատարներին Ադրբեջանում լավ են ճանաչում, հասկանալի է, որ նրանց իշխանության գալը որևէ ձևով չի տեղավորվում թուրք-ադրբեջանական հաշվարկներում:

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր առջև նվազագույնն երկու խնդիր է դրել:

Մինչև հունիսի 20-ը՝ արտահերթ ընտրությունների քվեարկության օրը առավելագույնը կորզել Հայաստանի հետ տարվող գործընթացից կամ ստեղծել իրավիճակ, երբ բոլոր հաջորդ իշխանությունների համար դժվար կլինի վերադառնալ բարենպաստ բանակցային դիրքեր:

Երկրորդ, իր հնարավորությունների շրջանակներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով, հասնել Հայաստանի գործող իշխանության դիրքերի ամրապնդմանը:

Ցավալիորեն Հայաստանի ու Արցախի շահն առաջ մղելու տեսանկյունից, Հայաստանը երկրորդային դիրքերում է, իսկ երկկողմ՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափում, խաղի թելադրողն ու հիմնական նախաձեռնողականության ապահովողը շարունակում է մնալ Ադրբեջանը, ինչը մեզ համար նորանոր խնդիրներ է խոստանում:

News.am