Արշավիր ՂԱՐԱՄՅԱՆ․ ԶԻՋԵԼ ՄԵԾ ԻՇԽԱՆԱՍԱՐԸ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԶԻՋԵԼ ԱՄԲՈՂՋ ՍՅՈՒՆԻՔԸ
Զիջել Մեծ Իշխանասարը՝ նշանակում է զիջել ամբողջ Սյունիքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Օգտվելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից, իսրայելա-պաղեստինյան բախումներից, ՀՀ-ում գործող դեգեներատ իշխանությունների անկարողությունից (իսկ փաստացի՝ Հայաստանի անիշխան վիճակից, եթե հաշվի առնենք, որ խորհրդարանական հանրապետության խորհրդարանն արձակված է, երկրի նախագահը գտնվում է արձակուրդում, իսկ վարչապետի պաշտոնը ապօրինաբար զավթված է) և Թուրքիայի նկրտումներից՝ այդ ամբողջ խառնաշփոթ վիճակից շահող դուրս գալու մտադրություններից, ադրբեջանցիներին հրահանգավորվել է անհապաղ տիրանալ Մեծ Իշխանասար լեռան բարձունքներին ու դրանով իսկ վերահսկողություն սահմանել Սիսիանի օդանավակայանի նկատմամբ, որը արցախյան վերջին պատերազմից հետո վեր է ածվել խոշոր ռազմաբազայի և Սյունիքի անվտանգության ամենակարևոր բաղադրիչներից է։
Ավելի վաղ Գորիսի փոխքաղապետ Մենուա Հովսեփյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ հակառակորդը Սև լճի տարածքում առաջ է եկել և փորձ է կատարում տեղակայվելու։
ՊՆ-ն իր հերթին հայտնել է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– ասվում էր ՊՆ հայտարարության մեջ։