Արման Թաթոյան․ Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող տեղեկություններ, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։ ՄԻՊ-ը Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։
«Պաշտպանն արձանագրում է, որ հանրությունն ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը»,–նշված է ՄԻՊ–ի գրառման մեջ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:
Նշվում է նաև, որ Թաթոյանը և նրա աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: