ՀՀ ՊՆ․ Անցկացվել է զորավարժություն, հայտարարվել ուսումնական տագնապ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` մայիսի 12–ին, որոշ զորամիավորումներում անցկացվել են զորավարժություններ։

Նշենք` լուրեր էին շրջանառվում, որ Սյունիքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին բանակային կորպուսներում տագնապ է հայտարարվել։

«5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Բացի այդ, զորքերի մարտունակությունն ամրապնդելու նպատակով այսօր 2-րդ զորամիավորումում մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ:

Ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են դաշտային հրամանատարական կետեր, անցկացվել կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia։