Գուտերեշը ԱՀԿ-ին կոչ է արել ճանաչել «Սպուտնիկ V» պատվաստանյութը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը ճանաչելու գործընթացն ընթացքի մեջ է: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Մենք, իհարկե, կողջունեինք ԱՀԿ-ի կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութի ճանաչումը: Ես գիտեմ, որ այդպիսի գործընթաց է ընթանում: Մենք իսկապես գնահատում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը հնարավորություն է ընձեռել պատվաստել ՄԱԿ-ի անձնակազմին «Սպուտնիկ V»- ով: Սա շատ լավ նշան է. մենք կարծում ենք, որ «Սպուտնիկ V»-ն նաև այն հիմնական տարրերից մեկն է, որը կօգնի լուծել պատվաստումների խնդիրը »,-ասել է Գուտերեշը Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է Tert.am: