ԵՐԵՔ ԵՐԿԻՐ ՄԱԿ-Ի ԱԽ-Ի ՆԻՍՏ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԱ-ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ
Չինաստանը, Նորվեգիան և Թունիսն առաջարկել են ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել՝ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման թեմայով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով France Presse-ին։
Ֆրանսիական գործակալության դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ ենթադրյալ բաց նիստը տեղի կունենա իսրայելական և պաղեստինյան կողմերի մասնակցությամբ:
Գործակալության տվյալներով՝ այս շաբաթ ՄԱԿ-ի ԱԽ-ն արդեն վիրտուալ ձևաչափով երկու փակ նիստ է անցկացրել այս հարցի կապակցությամբ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ միայն ԱՄՆ-ն է արգելափակում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ հայտարարության ընդունումը:
Մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 67 մարդ։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 6 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ չեզոքացրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առանցքային դեմքերին։