Ադամ Շիֆը Սյունիքի հարցով դիմել է Բայդենի վարչակազմին

Կոնգրեսական Ադամ Շիֆը Սյունիքի մարզ ադրբեջանցիների ներխուժման կապակցությամբ դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։

«Ես խորապես մտահոգված եմ վերջին հաղորդագրություններով, որ ադրբեջանական զորքերը, ինչպես հաղորդվեց, անցել են Հայաստանի տարածք: Եթե ճիշտ է, սա ևս մեկ վտանգավոր և սադրիչ գործողություն է, որը կարող է հանգեցնել մարդկային զոհերի: Ժամանակն է Միացյալ Նահանգների համար գիտակցելու, որ մեր քաղաքականությունը քաջալերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին գնալ ռազմական սրման՝ նոր պատերազմի հավանականությամբ», - գրել է ԱՄՆ կոնգրեսականն իր ֆեյսբուքյան էջում։

Շիֆը նշել է, որ չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրել Ադրբեջանին։

«Ես հաղորդակցության մեջ եմ եղել Բայդենի վարչակազմի հետ և հորդորել նրանց ավելի ակտիվ ներգրավվել Մինսկի խմբի աշխատանքներում: Ըստ հաղորդագրությունների՝ Ադրբեջանն այդ գործողությունները ձեռնարկում է ընդամենն օրեր անց այն բանից հետո, երբ Պետքարտուղարությունը չարդարացված կերպով հրաժարվեց Ադրբեջանին ուղղակի օգնություն տրամադրելու 907-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից։ Մենք չպետք է ռազմական ֆինանսավորում տրամադրենք մի ազգի, որը պարբերաբար խախտում է մարդու իրավունքներն ու ոտնահարում է իր հարևանների ինքնիշխանությունը», - գրել է կոնգրեսականը, տեղեկացնում է News.am: