Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է շահագործման, բայց...
Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է, բայց շահագործման մասին առայժմ որոշում չի ընդունվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը։
«Ստեփանակերտի օդանավակայանն այժմ տեխնիկապես հագեցած է և պատրաստ է շահագործման։ Բանակցությունները վարում են Ռուսաստանի խաղաղապահ ուժերը։ Պարզ նպատակ է դրվում, որ մարդասիրական բեռները վայրէջք կատարեն Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասաց Բալասանյանը։
Առայժմ շահագործման մասին որևէ որոշում չի ընդունվել։
Իր հերթին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը Sputnik Արմենիային ասաց, որ օդանավակայանի գործարկումը գլխավոր հարցերից մեկն է մնում:
«Ես կարծում եմ, որ դրա համար ժամանակ է պետք», - նշեց Բաբայանը։
Նախարարը չի բացառում, որ ապագայում հնարավոր կլինի օդանավակայանն օգտագործել ուղևորատար չվերթերի համար, սակայն «այդ ուղղությամբ պետք է աշխատել»: