Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Վարչապետի աշխատակազմից News.am-ին հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սուվերեն տարածք՝ Սյունիքի մարզ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակի մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նախագահ Պուտինին տեղեկացրել է նաև, որ ինքն այսօր հանձնարարել է պաշտոնապես դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի ընթացակարգերի 2-րդ հոդվածին համապատասխան խորհրդակցություններ սկսելու համար:

Վլադիմիր Պուտինն անթույլատրելի է համարել հետագա էսկալացիան և հույս հայտնել իրավիճակի արագ կայունացման ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման վերաբերյալ: Ռուսական կողմը վերահաստատել է ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելու իր տրամադրվածությունը` տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այս իրավիճակի լուծումը պետք է արտահայտվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր հետ վերադարձով: