ՊՆ․ Ադրբեջանցիների մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում
Չնայած այն հանգամանքին, որ հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, նրանց մի մասը այս պահին շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Նշվում է, որ մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, դեռևս չի հանգուցալուծվել:
«Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:
Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, պաշտպանության նախարարությունը կոչ է անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց և խոստանում պարբերաբար պաշտոնական տեղեկատվություն տրամադրել։