«Ալյանս» կուսակցությունը պահանջագիր է ներկայացրել իշխանություններին

Հայաստանին անհրաժեշտ է միավեկտոր արտաքին քաղաքականություն, բալանսավորված, բայց պաշտպանական կոնցեպտի շրջանակներում, «Ալյանս» կուսակցության համաժողովին հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը, տեղեկացնում է Aysor.am։

«Անհրաժեշտ է այնպիսի պայմանավորվածություն և դրա իրականացում, որը չի խախտվելու նույնիսկ առկա պայմանագրային բազայի պարագայում», - հայտարարեց Ուրիխանյանն, ապա ներկայացրեց ՀՀ ժամանակավոր իշխանություններին ներկայացված պահանջագիրը.

«Պահանջում ենք՝

1.      սթափվել

2.      ոչ թե ինչպես հորդորում է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ համակերպվել իրականության հետ, այլ հակազդել, բայց մտածելով ու հաշվարկելով

3.      անհապաղ նախաձեռնել նոր ձևաչափի բանակցություններ դաշնակից Ռուսաստանի հետ՝ Սյունիքում իրավիճակի, Արցախի հարցի և Հայաստանի անվտանգության կոնցեպտի շուրջ

4.      իրականացնել Ադրբեջանում գերեվարված մեր հայրենակիցների հրատապ վերադարձը

5.      սկսել հայ-ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծման գործընթաց

6.      հրատապ իրագործել հակաճգնաժամային սոցիալական ծրագիր խոցելի խավերի համար ապահովելով վարկային համաներում

7.      շատ արագ ներդնել պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը

8.      իրականացնել կենսաթոշակների բարձրացում՝ պարտադիր կուտակային բաղադրիչի չեղարկման հաշվին

9.      ընտրական գործընթացի բացարձակ օրինական, կատարյալ և թափանցիկ կազմակերպում

10.   խոստովանել, որ բոլոր նշված կետերը չեն իրականացվել իշխանությունների անկարողության պատճառով, և որ մինչև ընտրությունները, մեկ ամսվա ընթացքում կփորձեն անել առավելագույնը, որից հետո ժողովրդի կամոք կզիջեն իշխանությունը ունակ և իրապես ընտրված ուժի»։