Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ Ո՞ՐՆ Է ԼԻՆԵԼՈՒ ԳԻՆԸ
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Երբ իշխանությունը խոսում է բանակցությունների միջոցով Ադրբեջանին Հայաստանի Հանրապետության պետական սահմանից դուրս հանելու, նրանց՝ ելման դիրքերի վերադարձի մասին, մի շատ կարևոր խնդրի մասին չի խոսում:
Ո՞րն է լինելու դրա գինը:
Ինչի՞ շուրջ է ընթանում բանակցությունները, ի՞նչ է պահանջում Ադրբեջանը և սեղանին փոխզիջումների ի՞նչ տարբերակներ կա դրված:
Եթե բանակցությունների արդյունքում Ադրբեջանը պետք է հետ քաշվի, սակայն զիջում ստանա Սյունիքի այլ հատվածում՝ «միջանցքի», հավելյալ արտոնությունների կամ մեկ այլ ձևով, ապա այս պահին միայն հարաբերական հանգուցալուծման մասին կարելի է խոսել:
Հետպատերազմյան փուլում Հայաստանը միայն զիջել է, զիջել է հնարավոր բոլոր ուղղություններում, դիրքերում, սակայն Ադրբեջանը նպատակ ունի ստանալ առավելագույնը, դա է պատճառը, որ նա բավարարված չէ ձեռքբերվածով և գնում է այնքան, որքան դա նրան թույլ տրվի:
Այս խնդիրը արագ կարգավորում է պահանջում, եթե Ադրբեջանը հասցնի դիրքավորվել, իր զորքերի համար ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ապա խաղաղ ճանապարհով այս խնդիրը չի կարգավորվի կամ կկարգավորվի Հայաստանի կողմից շատ ավելի մեծ գին վճարելու ձևով»: