Պաղեստինը չէր ցանկանա, որպեսզի ներկայիս լարվածությունը համեմատվեր Ղարաբաղի հետ

Պաղեստինը գնահատում է աջակցությունը, որն Իսրայելի հետ հակամարտության ժամանակ ցուցաբերում է Թուրքիան, սակայն չէր ցանկանա, որպեսզի այդ լարվածության սրումը համեմատվեր Լեռնային Ղարաբաղի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանում Պաղեստինի դեսպան Հաֆիզ Նոֆելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Դիվանագետի խոսքով՝ Պաղեստինը հիանալի հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև լավ հարաբերություններ ունի Թուքիայի հետ: «Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Երուսաղեմի, պաղեստինյան հարցի և Պաղեստինին աջակցելու կապակցությամբ: Սակայն մենք չէինք ցանկանա միախառնել այդ թեմաները: Համեմատությունը, որն արել է նախագահ Էրդողանը, պարզապես խոսքի ձև է»,-համարում է դիվանագետը, տեղեկացնում է News.am: