Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ 15 ԺԱՄ ԱՌԱՋ ՈՒ ԴՐԱ ՄԱՍԻՆ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

«Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում արձանագրել է, որ ադրբեջանցիների հետ բանակցություններից հետո պաշտոնական որևէ տեղեկություն չի տրամադրվել:

«Ադրբեջանցիների հետ երեկ կայացած բանակցություններն արդեն 15 ժամ է ավարտվել են, լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի հայաստանյան, ռուսաստանյան և ադրբեջանական տիրույթներում ամենատարբեր վարկածներն ու կանխատեսումները շրջանառվեցին։ Տեղեկություններ ստացվեցին ամենատարբեր ուղղություններից, բացի պաշտոնական աղբյուրներից։

Իշխանության տարբեր դեմքեր էլ ընդամենը զբաղված են իրենց տապալումները «սվաղելու», «ծածկադմփոցն ապահովելու» և պատասխանատվությունից խուսափելու՝ արդեն ավանդական դարձած գործելաոճով։

Հասկանում ե՞ք, բանակցություններն ավարտվեն են 15 ժամ առաջ ու դրա մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չկա», - նշել է նա։ Մի կողմ դրեք ընդդիմությանը, քաղաքական գործընթացները, հասկացե՛ք, մարդիկ ընդամենը ուզում են իմանան, թե ինչ է կատարվել և իրենց ինչ է սպասվում», - նշել է նա։

Աբրահամյանն ԱԱԾ-ին խորհուրդ է տալիս տեղեկատվական անվտանգության վերաբերյալ բարոյախրատական հերթական կոչերի փոխարեն զբաղվել իշխանության, պետական տարբեր կառույցների՝ վերոնշյալ թեմայով ուսումնա-դաստիարակչական աշխատանքով։

«Ի դեպ՝ իշխանության տարբեր դեմքերի երեկվա խայտառակ պահվածքն ու պաշտոնական կառույցների լռությունն առավել խորացրեց և վտանգավոր աստիճանի հասցրեց իշխանության՝ ադրբեջանցիներին նոր զիջումներ խոստանալու հասարակության կասկածներն ու մտահոգությունները», - գրել է փորձագետը։

Aysor.am