Ֆրանսիան հավատարիմ է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված: Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ, որ արվել է արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսային բանակցությոևնների արդյունքներով:
«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարվածության կապակցությամբ նախարար Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգությունը և Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց հանձնառությունը: Ֆրանսիան ուշադրությամբ հետևում է իրավիճակին և կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները՝ Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը հասնելու համար»:
Ինչ վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո չլուծված հարցերին, ներառյալ բոլոր հայ գերիների ազատ արձակումը, Ֆրանսիան ապրիլի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո կրկին բարձր մակարդակով, համանախագահների հովանու ներքո ուղիղ երկխոսության կոչ է անում` տարածաշրջանում անվտանգությունն ու կայուն խաղաղությունը երաշխավորող համապարփակ համաձայնագիր կնքելու նպատակով բոլոր խնդիրները քննարկելու համար, տեղեկացնում է News.am-ը: