Սալիվանը ասել է Ալիևին, որ սադրիչ է համարում ՀՀ սահմանին ռազմական տեղաշարժերը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական տեղաշարժերն անպատասխանատու և սադրիչ է համարել:

Ըստ Սպիտակ տան հաղորդագրության, Սալիվանը սադրիչ ու անպատասխանատու է որակել սահմանի երկայնքով զինվորականների տեղաշարժը, որտեղ սահմանազատում չի եղել:

Բացի այդ, Սալիվանն ընդգծել է, որ երկու երկրներն էլ պետք է անցկացնեն սահմանազատման պաշտոնական բանակցություններ:

Սալիվանը հայտնել է տարածաշրջանում հաշտեցման հասնելու ուղղությամբ աշխատելու Միացյալ Նահանգների ցանկության մասին` օգտագործելով այդ երկկողմ շփումները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակը, տեղեկացնում է Aysor.am-ը: