«Ժողովուրդ»․ ՈՐՔԱ՞Ն ԳՈՒՄԱՐ Է ՍՏԱՑԵԼ ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԿՆՈՋԸ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԿ-Ն

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանի կնոջը` Վարդանուշ Թևանյանին պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը, որը 2017 թվականին պետպատվերի գումար ընդհանրապես չի ստացել, «թավշյա հեղափոխությունից» հետո դարձել է պետբյուջեից ամենաշատ գումարներ ստացող կենտրոններից մեկը:

Թերթը ՀՀ առողջապահության նախարարությունից հետաքրքրվել է, թե 2017, 2018, 2019 և 2020 թվականների կտրվածքով որքան գումար է տրամադրվել «Միբս» բժշկական կենտրոնին և ինչ հիմնավորմամբ: Պաշտոնական պատասխանում նշված է եղել, որ Թորոսյանի կնոջը փաստացի պատկանող բժշկական կենտրոնը 2017 թվականին 0 դրամ գումար է ստացել, բայց հեղափոխությունից հետո՝ 2018-ին, ստացել է 25.1 մլն դրամ:

«2019 թվականին նախարար Արսեն Թորոսյանն իր կնոջը բյուջեից փոխանցել է շեշտակի բարձր թիվ՝ 98.9 մլն դրամ, այսինքն՝ 73.8 մլն դրամով ավելի: Իսկ ահա 2020 թվականին Թորոսյանի կնոջը պատկանող բժշկական կենտրոնը ստացել է 127.6 մլն դրամ, որն էլ 2019 թվականից ավելի է 28.7 մլն դրամով: Որպես հիմնավորում՝ պաշտոնապես նշվում է, թե գումարները փոխանցվել են կատարողականների դիմաց»,– գրում է պարբերականը:

Ըստ թերթի` ակնհայտ է, որ այստեղ գործում է առաջին հերթին խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, որն առաջին օրվանից խոստանում է վերացնել գործող իշխանությունը ու հետևողականորեն չի անում։

Sputnik Armenia