Կարեն ԲԵՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՈՐ, ՄԵԾ ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍԿՍՈՒՄ

Հայաստանի իշխանություններն աշխարհաքաղաքական շահերի բախման վրա կառուցվող նոր, մեծ արկածախնդրություն են սկսում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկմանը նշել է «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Կարեն Բեքարյանը:

«ՀՀ իշխանությունները, չկատարելով սեփական պարտավորությունները, փորձում են պատասխանատվությունն իրենցից նոր ուղղությամբ բարդելու ճանապարհ ստեղծել», - նշել է նա՝ ընդգծելով, որ այդ պատասխանատվության հասցեատերերն արդեն տեսանելի են դառնում, դա ՀԱՊԿ-ն է և Ռուսաստանի Դաշնությունը:

Աշխարհից և դրա առանձին հատվածներից մեր ունեցած ակնկալիքների հարցում Կարեն Բեքարյանը կարևորել է, թե մենք ինչ ազդակներ ենք հղում աշխարհին:

«ՀՀ իշխանությունը չի կասեցրել հակառակորդի ագրեսիայի փորձը, կանխարգելող գործողություն չի փորձել իրականացնել, ավելին՝ անգամ որպես պետություն վերաբերմունք չի ցուցաբերել բոլոր այն պատասխանատուների հանդեպ, որոնց գործառութային պարտավորությունն էր երկրի անվտանգության ապահովումը, սուվերեն տարածքի պաշտպանությունը: Այսինքն՝ այսօր օգնության տարաբնույթ ազդանշաններ տվողն ինքը որևէ քայլ, որևէ գործողություն չի կատարել այս ամենը կանգնեցնելու համար», - ընդգծել է նա:

Վերլուծաբանն անտրամաբանական է համարում նաև այս խնդիրը լուծելու հարցում հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները շրջանցելով ՀԱՊԿ-ին դիմելը:

«Խնդրին նորից նայեք աշխարհի աչքերով: Դաշնակիցդ առավել քան ներգրավված է այս բոլոր գործընթացներում, պատերազմից հետո համատեղ ստորագրված փաստաթղթով միջնորդական առաքելություն է իրականացնում բոլոր իմաստներով, քո տարածքում ունի ռազմաբազա, ունի երկկողմ իրավապայմանագրային դաշտ, դու սա շրջանցում ես, դիմում ես ՀԱՊԿ-ին, որտեղ քո հույսը հենց այս երկրի վրա է», - նշել է նա:

Ընդ որում, Կարեն Բեքարյանի կարծիքով՝ անհասկանալի է նաև ՀԱՊԿ-ից մեր ակնկալիքը: «Դիմել ենք ՀԱՊԿ-ին ոչ թե գործողություն կազմակերպելու, այլ խորհրդակցություններ սկսելու համար: Այդ խորհրդակցություններից ակնկալիքը ո՞րն է», - նշել է նա:

Tert.am