ԾՐԱԳՐՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՐՎԱԾԻ ՏԱԿ ԴՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ
«Հայկական կողմի ոչ պրոֆեսիոնալ գործողությունների պատճառով, կամ գիտակցված դավաճանության հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները հայտնվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում»,- «ԳԱ»-ին տված հարցազրույցում արձանագրում է ռազմական փորձագետ Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ:
-Եկեք վերլուծենք Սյունիքի իրադարձությունները։ Չափազանց շատ են իրարամերժ մեկնաբանությունները, ենթադրությունները, խեղաթյուրված եզրակացությունները, այդ թվում՝ Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ…
-Որպեսզի գնահատենք տեղի ունեցածը, եկեք խոսենք փաստերով։ Փաստ առաջին. Սյունիքում ադրբեջանցիները ներխուժել են ինքնիշխան Հայաստանի Հանրապետության տարածք։ Փաշինյանի հնչեցրած պաշտոնական տվյալներով՝ 3,5 կմ խորությամբ։ Ըստ իմ աղբյուրների՝ շատ ավելի։
-Որքա՞ն շատ:
-Սև լճից հաշված՝ ավելի քան 5 կիլոմետր, ոչ թե ուղիղ գծով, այլ ճանապարհով: Սյունիքի մարզպետը, գնահատելով հակառակորդի անարգել ներթափանցման փաստը Հայաստանի տարածք, ասում է, թե ադրբեջանցիները «մոլորվել են»։ Այնուհետ, Իշխանասար բարձունքի առնչությամբ, որտեղ ադրբեջանցիները դիրքավորվել են, ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարում է, թե դա ընդամենը մեկն է համանման բազմաթիվ բարձունքներից։ Հաջորդ փաստը. այն բանից հետո, երբ թշնամին անարգել սողոսկում է մեր տարածք, որտեղ մենք ունենք միայն մեկ պահակետ, որը չի կարող ապահովել ահռելի տարածքի պաշտպանության գործառույթը, Փաշինյանը տեղի ունեցած ամենն անվանում է դիվերսիա։ Դա բացարձակ սուտ է։ Ոչ մի դիվերսիա չի եղել. դիվերսիոն գործողություններն ունեն հստակ չափորոշիչներ։ Իսկ ի՞նչ էր դա։ Կրկնեմ, դա հակառակորդի ԶՈՒ-ի անարգել ներխուժում էր Հայաստանի տարածք։ Ընդ որում խոսքը կարևորագույն բարձունքների և կարևորագույն տարածքի մասին է, որը կապված է, բացի ամենայնից, նաև ոռոգման ջրով բազմաթիվ բնակավայրերի, ներառյալ Գորիսի, ապահովման հետ։ Դա նաև ռազմավարական նշանակություն ունեցող բարձունք է անվտանգության ապահովման տեսանկյունից, ռազմավարական կարևորության դիրք Գորիսի ճանապարհի, Սիսիանի և Սիսիանի օդանավակայանի համար:
-Ըստ էության, ռազմավարական նշանակության այդ դիրքերը պաշտպանված չե՞ն եղել։
-Ճիշտ այդպես։ Իսկ հիմա եկեք հիշենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ հարցին, կատաղության մեջ ընկավ, թե իբր՝ դուք ի՞նչ է, ուզում եք, որ մենք բարձրաձայնե՞նք տեղեկատվությունը, որը հասանելի կլինի ադրբեջանցիներին, թե ինչ անտեսանելի միջոցներով ենք իրականացնում մեր տարածքների պաշտպանությունը։ Ասել է թե՝ շատ լավ է, որ դուք դա չեք տեսնում։ Այսինքն դա նույնպես բացահայտ սուտ էր։ Ոչ մի բան էլ չէր պաշտպանվում։ Հիշենք նաև, թե ինչպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց. «Մենք ոչ բոլոր դիրքերն ենք հասցրել կահավորել»։ Ընդ որում ի՜նչ էլ բառ գործածեց. ասես խոսքը կահույքի կամ ներքին հարդարանքի մասին է:.. Այսպես թե այնպես, վերոնշյալ ամենը վկայում է այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի կարևորագույն հատվածը, որը 1994թ.մայիսի 12-ի հրադադարից հետո հայկական ուժային կառույցները չեն դիտարկել որպես ռազմավարական և այդ պատճառով այնտեղ չեն տեղակայել ռազմական բլոկպոստեր, խրամատներ չեն փորել, չեն նշել պաշտպանական գծեր և այլն, այսօր մնացել է անպաշտպան։ Սա վերաբերում է նաև Վարդենիսի հատվածին։
-Իսկ ինչո՞ւ այդ ամենը նախկինում չի արվել:
-Որովհետև Վարդենիսի նույն հատվածում սահմանն այնտեղով չէր անցնում, որտեղ հիմա է. չէ՞ որ մենք ազատագրել էինք Քարվաճառը։ Եվ այնտեղ խրամատներ փորելու խնդիր չկար։ Իսկ այժմ իրավիճակը փոխվել է, և մենք տեսնում ենք, որ Նիկոլի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո 6 ամիսների ընթացքում կարևորագույն բարձունքները, մեզ համար կարևորագույն տարածքները չեն վերցվել ՀՀ զինված ուժերի անմիջական վերահսկողության տակ՝ հակառակորդի ներթափանցումը բացառելու համար։ Հաջորդ փաստը. Սյունիքի մարզպետն ուղղում է իր սխալն այն առնչությամբ, թե թշնամին մոլորվել է, և Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ դրանով իսկ արձանագրելով, որ ինքնուրույն անկարող է կանխել հակառակորդի ներթափանցումն իր տարածք։ Եվ երբ դա արդեն տեղի է ունեցել՝ Փաշինյանն օգնության է կանչում ՀԱՊԿ-ին։ Բայց ո՞ր հոդվածով։ 2-րդով. ոտնձգության վտանգ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Մինչդեռ տեղի է ունեցել ագրեսիա։ Այսինքն այդ գիտունիկն ինքն իրեն հերքում է։ Քանզի երբ հակառակորդը 3,5 կիլոմետր խորությամբ մտնում է երկրիդ տարածք, դա ոչ թե ոտնձգության սպառնալիք է, այլ կատարված ոտնձգություն, որին վերաբերում է ՀԱՊԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածը։ Ինչո՞ւ չի դիմել հենց այդ հոդվածով։ Հաջորդը. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո պաշտոնական հաղորդագրությունը տեղադրվեց Կրեմլի կայքում։ Դրա թարգմանությունն իր էջում տեղադրեց նաև Փաշինյանը։ Սակայն երկու հաղորդագրությունների միջև էական տարբերություն կար։ Փաշինյանի մոտ ավելացված էր մի պարբերություն, որում ասվում էր, թե փոխադարձ պայմանավորվածություն կա, և Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները պետք է հեռանան։
-Իսկ Կրեմլի կայքում այդ պարբերությունը չկա՞ր…
-Չկար։ Այսինքն այս պարագայում էլ Նիկոլը բաց չթողեց ստելու առիթը։ Եվ այսպես, ի՞նչ ունենք: Բռնազավթման և ՀՀ տարածքային ամբողջականության խախտման փաստ, որին Հայաստանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունն արձագանքում է միայն ՀԱՊԿ-ին դիմելով, այն էլ մի հոդվածով, որը կապ չունի կատարվածի հետ։ Ընդ որում՝ չլուծելով հարցը սեփական ուժերով։ Մինչդեռ հնարավոր էր շրջապատել այդ մի քանի հարյուր ինտերվենտներին և հետագայում անհրաժեշտության դեպքում դնել մեր ռազմագերիների հետ նրանց փոխանակման հարցը։ Բայց ի՞նչ է անում Փաշինյանը։ Խնդիրը, որը հենց ինքն է ստեղծել, գցում է Ռուսաստանի գրպանը՝ նրան թողնելով «երկու քարի արանքում» և ասելով՝ դուք լուծեք խնդիրը։
Ինչպե՞ս կարող եմ գնահատել այս գործողությունները որևէ այլ կերպ, եթե ոչ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարության համատեղ գործողություն։ Տեսեք, Ադրբեջանն այսօր ունի իր քթի տակ ռուս խաղաղապահների ներկայության խնդիրը։ Սակայն մեկ բան են խաղաղապահները, և միանգամայն այլ բան՝ ռուսական զինված ուժերը, որոնք մարտական խնդիրներ են լուծում։ Այդ երկու կարգավիճակների միջև էական տարբերություն կա։ Ադրբեջանի խնդիրը հետևյալն է. կա՛մ ազատվել ռուսական ռազմական ներկայությունից, կա՛մ հնարավորություն տալ Թուրքիայի զինված ուժերին, ասենք՝ խաղաղապահների նույն կարգավիճակով հաստատվել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։
-Այսինքն՝ կա՛մ ապահովել թուրքական զորքերի ներկայությունը, կա՛մ հեռացնել ռուսականը… Դա՞ էր գործողության նպատակը։
-Միանշանակ։ Եվ դա կարող էր գործել, եթե Ռուսաստանը զենքի ուժով ստիպեր ադրբեջանցիներին հեռանալ։ Ադրբեջանական բանակի մի քանի զինվորի մահ, և դա հնարավորություն կտար Ադրբեջանին հայտարարելու, թե իբր՝ ի՞նչ խաղաղապահության մասին է խոսքը։ Եվ հարց դնել. թող ռուսական զորակազմը կա՛մ հեռանա, կա՛մ թուրքերն էլ գան։ Եվ այդ ծրագրի մեջ հայկական ղեկավարությունն իր գործողություններով դիտվում է կա՛մ անգործունակ, ինչը կարող էր հանգեցնել ծանրագույն հետևանքների, կա՛մ դավաճան, որը գիտակցաբար օժանդակում է թշնամու ծրագրերին։ Քանզի թափված արյան գնով կշահեին միայն Ադրբեջանն ու Թուրքիան։ Եվ ամենևին էլ փաստ չէ, ի դեպ, որ դրանից հետո ադրբեջանցիները կհեռանային իրենց զբաղեցրած դիրքերից։
Որպեսզի դա տեղի չունենա, որպեսզի բացառվի արյունահեղությունը, ռուսները ստիպված կլինեին ինչ-որ զիջումների գնալ. չէ՞ որ ադրբեջանցիները հենց այնպես չեն հեռանա։ Եվ այդ զիջումը, ասենք, մեկ պահակետն է՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի համատեղ վերահսկողության ներքո։ Կրկնում եմ, կարելի է ուժ կիրառել, բայց դրանից կշահի թուրք-ադրբեջանական տանդեմը։ Հակառակորդը կարող է նույնիսկ թողնել ու հեռանալ, իսկ հետո այդ ամենը հետևանքներ կունենա Արցախում։ Այսպիսով, հայկական կողմի, մեղմ ասած, ոչ պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում կամ գիտակցված դավաճանության հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ի զինվորները հայտնվեցին Հայաստանի Հանրապետության տարածքում։
-Ինչպե՞ս է դա կապված ադրբեջանա-թուրքական ընթացիկ զորավարժությունների հետ:
-Կապն անմիջական է: Եթե ռուսական կողմն այնուամենայնիվ որոշում կայացներ ուժ կիրառել, ադրբեջանական կողմը պատրաստ էր դրան։ Նա պատրաստ է գործարկել զորավարժություններում ներգրավված մարդկային ռեսուրսն ու տեխնիկան։ Ադրբեջանն ու Թուրքիան ծրագրել են գործողությունը՝ հաշվարկելով նաև ուժային բաղադրիչը։ Այնպես որ Սյունիքում տիրող իրավիճակի կապն ադրբեջանա-թուրքական ռազմական զորավարժությունների հետ անմիջական է։