Հնդկաստանի ԱԳՆ. Մենք անհանգստությամբ հետևում ենք իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին
Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Արինդամ Բաղչին մեկնաբանել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, փոխանցում է Հնդկաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Մենք անհանգստությամբ հետևում ենք իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Սահմանային ներխուժումները ռազմական շարժումների արդյունքում կարող են ապակայունացնել իրավիճակը և նոր ռազմական գործողությունների հանգեցնել: Մենք իրավախախտ կողմին կոչ ենք անում անհապաղ դուրս բերել զորքերը և դադարեցնել հետագա սադրանքները:
Հնդկաստանը միշտ հանդես է եկել քաղաքական և դիվանագիտական միջոցներով երկկողմ վեճերի խաղաղ կարգավորման օգտին: Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կարևոր են տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից»,- ասվում է Բաղչիի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am-ը: