Լավրովն ու Բլինկենը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը: Տեղեկությունը նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ Հանդիպումը գրեթե երկու ժամ է տևել:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական ապահովման հրատապ հասանելիության անհրաժեշտությունը, նրանք նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումը», - նշել է դիվանագետը:

Պետդեպարտամենտը նշում է, որ Բլինկենն ու Լավրովը նաև քննարկել են թեմաներ, որոնց շուրջ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար։

Դրանց թվում են ռազմավարական կայունությունը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի զսպումը, Աֆղանստանը։

«Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են հետագայում շարունակել քննարկումները»,– ավելացրել են Պետդեպարտամենտում:

Լավրովը հայտարարել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ զեկույցները կներկայացվեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին: Նա ավելացրել է, որ առաջնորդները կորոշեն երկկողմ հարաբերությունները շտկելու հետագա ուղիները, տեղեկացնում է Sputnik Armenia։