Խորհրդարանական ընդդիմությունն արտահերթ նիստ է հրավիրում
ԼՀԿ-ն կազմում է հայտարարության տեքստ, որը հիմք է ծառայելու արտահերթ նիստ գումարելու համար, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մոտավորապես ներկայացնելով հայտարարության բովանդակությունը:
«ՀՀ Սահմանադրության և միջազգային պայմանագրերի մասին օրենքի համաձայն, քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին առնչվող որևէ փաստաթուղթ ստորագրվելու պարագայում պետք է նշված փաստաթուղթը վավերացվի ՀՀ խորհրդարանում։
Հայաստանի ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ ԱԺ պատգամավորները, ո՛չ էլ կառավարության անդամների մեծ մասը։ Կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների, նրանց իրազեկելու, հերթական պրոցեսն է ընթանում», - ասաց Մարուքյանը՝ նշելով, որ ԱԺ արտահերթ նիստ են նախաձեռնում։
«ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեզ համար, վարչապետի համար և այլ ուժերի համար։ Հետևաբար, ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի, առնվազն խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ դա ՀՀ շահերից է բխում, թե չի բխում», - ասաց Մարուքյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։