Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ԽՈՍՔ Է ԳՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ
«Մենք հիմա նորից կանգնած ենք այն խնդիրների առջև, որոնք մենք բարեհաջող կերպով լուծել էինք մոտավորապես 100 տարի առաջ և ևս 30 տարի առաջ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը:
Նա նշեց, որ Արցախյան ազատամարտով մենք լուծել էինք ոչ միայն Արցախի անվտանգության հարցը, այլ ընդհանրապես կառուցել էինք Հայաստանի նոր անվտանգային միջավայրը, այդ միջավայրը, փաստորեն, կապիտուլյանտի կողմից ամբողջությամբ այս պահին վերացվել է, նորն էլ դրա փոխարեն չի կառուցվել, ընդհակառակը՝ այս օրերի իրադարձությունները հուշում են, որ շարունակելու ենք գահավիժել անվտանգային տեսանկյունից:
«Մյուս կողմից էլ, անշուշտ, փաստացի տեսնում ենք, որ աննախադեպ իրավիճակ է. Հայաստանի քաղաքացիները հանդուրժում են, որ երկրի պաշտանապես, դե ֆակտո ղեկավարը զիջի տարածքներ, հետ կանգնի հայաստանյան շահերից, հայ ժողովրդի հետաքրքրություններից»,- ասաց Վ. Գեղամյանը:
Թուրքագետի խոսքով, Հայաստանին հիմա պետք չէ դեմարկացիա և դելիմիտացիան:
«Նախ այն գործընթացը, որ տեղի է ունենում, այսինքն՝ առանց պետական բոլոր ինստիտուտների ներգրավման, առավել ևս տարածքների հանձնման պայմանագրի կնքումն այս իշխանության կողմից առանց պետական ինստիտուտների ներգրվմամբ, ինքնին արդեն խնդրահարույց է, այդ պայմանավորվածությունների լեգիտիմությունը վերացնում է: Այսինքն՝ դրանք լեգիտիմ չեն, որովհետև դրան ներգրավված չեն, օրինակ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, գիտակրթական կառույցները, որոնք այդ հարցում մասնագիտացած են»,- ասաց թուրքագետը:
Նրա խոսքով, խնդրահարույց է, որ այդ պայմանագիրը կնքում է մեկը, ով նախորդիվ արդեն կնքել է կապիտուլյացիոն պայմանագիր, նույնիսկ այդ առաջին պայմանագրով մինչև հիմա կատարված չեն այն կետերը, որոնք Ադրբեջանը պետք է կատարեր, օրինակ՝ հայ ռազմագերիների վերադարձը Հայաստան:
«Փաստորեն դրանից հետո արդեն երկրորդ փաստաթուղթն ենք տեսնում, որը ստորագրվում է: Ուրմեն խոսք է գնում Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի մասին: Կարող է գեղեցիկ անուն ունենա այդ փաստաթուղթը, օրինակ՝ հարաբերությունների զարգացման արձանագրության, բայց փաստացի դա է»,- ասաց Վ. Գեղամյանը:
Նրա խոսքով, Հայաստանի կողմից այս պահին Ադրբեջանի հետ սահմանազատումը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, վերջանականապես հրաժարվել Արցախի հանդեպ մեր ունեցած հավակնություններից, այսինքն՝ լքել արցախահայության հարցը, Հայաստանի անվտանգության հարցը, փաստացի պարտվողական դիրքերից Ադրբեջանին հանձնել ՀՀ հերթական տարածքները, այն կղզյակները, որոնք խորհրդային քարտեզներով Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության մասն էին, բայց որևէ կերպ՝ միջազգային, տեղական իրավունքով դրանք Ադրբեջանի մաս չեն, չեն կարող վերադարձվել:
«Դա որևէ մեկի որոշելու հարցը չէ: Դա որոշում է ողջ հայ ժողովուրդը: Հայ ազգը դրա մանդատը չի տվել կապիտուլյացիոն ռեժիմի պարագլխին: Այն, ինչ փորձում է ներկայացվել, թե 100 տոկոս դրական բան է հայ ժողովրդի համար, ընդամենը մեկ մարդու կարծիք է, չի արտահայտում ոչ Հայաստանի պետական ինստիտուտների կարծիքը, առավել ևս չի արտահայտում Հայաստանի բնակչության մեծամասնության կարծիքը: Հետևաբար՝ այն անհիմն է, վնասում է մեր անվտանգությանը, կասկածի տակ է դնում ընդհանրապես հայկական պետականության գոյությունը, որովհետև այն դիրքերը, որոնք ադրբեջանցիներն այսօր մեզանից պահանջում են, արդեն իսկ մեզ զրկելու է մեր պետականությունն այս տարածքում նորմալ և անվտանգային միջավայրում զարգացնելու հնարավորությունից»,- ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը: