Ռոհանի. Արևմուտքը համաձայնվել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները
Վիեննայում իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարել Իրանի դեմ հիմնական պատժամիջոցները: Մայիսի 20-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է Fars գործակալությունը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագրի հիմնական կետերի շուրջը։ Արևմուտքի ներկայացուցիչները համաձայնվել են չեղյալ հայտարարելու գլխավոր պատժամիջոցները. նավթի, նավթաքիմիայի արտադրանքի, փոխադրման և ապահովագրման, ինչպես նաև Իրանի Կենտրոնական բանկի վերաբերյալ: Այժմ քննարկումներն ընթանում են որոշ աննշան հանգամանքների շուրջը»,-հայտարարել է Իրանի նախագահը:
Վիեննայում ապրիլի սկզբից ընթանում են Իրանի համատեղ հանձնաժողովի և միջազգային հնգյակի (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան և Ֆրանսիա) նիստերը։ Աշխատանքներ են տարվում նաև Գործողությունների համատեղ համապարփակ պլանի իրականացումը վերսկսելու նպատակով, այն է՝ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկում և Իրանի միջուկային պարտավորությունների կատարում: Համաձայնագրի անդամ երկրների ներկայացուցիչները խորհրդակցություններ են անցկացնում նաև ԱՄՆ-ի պատվիրակության հետ:
Փորձագետները շարունակում են աշխատանքը նաև ապագա համաձայնագրի տեքստի վրա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: