Արգիշտի Կիվիրյան․ Գլխավոր խնդիրը բանակի վերականգնումն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանցիները փորձում են չկատարել այն սխալները, որոնք կատարել էր հայկական կողմը հեռավոր 1994 թվականին։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«1994 թվականին, երբ հայկական կողմն ուներ բացարձակ առավելություն ադրբեջանական կողմի նկատմամբ, և Ադրբեջանը չուներ բանակ, հայկական կողմը գնաց հրադադարի, մինչդեռ մենք կարող էինք փորձել ստանալ ավելին, բայց մենք դա չարեցինք։ Հիմա Ադրբեջանը փորձում է այդ սխալը չկատարել։ Տեսնելով, թե ներկայումս ինչ վիճակում է հայկական կողմը՝ ջախջախված բանակ, ծանր հոգեբանական վիճակում գտնվող պետություն, խելապակաս իշխանություն։ Այս ամենի ֆոնին շատ լավ երևում է, թե ինչ սխալ ենք մենք գործել 1994 թվականին։ Այն ժամանակ էլ մենք ունեինք շատ խնդիրներ, բայց մենք շատ ավելի հզոր էինք, քան Ադրբեջանը։ Մենք կարող էինք ավելի ճնշել Ադրբեջանին, որ պոկեինք այնպիսի պայմանագրեր, որոնք ապագայում կբացառեին պատերազմը և այն ժամանակ ջախջախված Ադրբեջանը ճանաչեր Արցախի անկախությունը»,- ասաց նա։
Արգիշտի Կիվիրյանի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է ստանալ ավելին, քան ստացավ նոյեմբերի 9-ի փաստաթղթով, որովհետև վստահ է, որ երբ Հայաստանը հզորանա վերականգնելու է կորցրածը։
«Դրա համար էլ փորձում են հայկական կողմից պոկել ավելին, քան պոկել են Արցախյան երկրորդ պատերազմում և այնպիսի փաստաթղթեր պոկել հայկական կողմից, որ իրեն թույլ կտա ապագայում լեգիտիմ կարգով լուծել Արցախի մնացյալ հատվածի հարցը։ Փաստաթղթով, որն ուզում են կորզել Հայաստանից, փաստացի իրենք կստանան, որ Հայաստանը կճանաչի ադրբեջանական տարածքները, իր համար կունենա Ստեփանակերտի վրա ադրբեջանական դրոշ բարձրացնելու լեգիտիմ իրավունք։ Ինքն այդ փաստաթուղթը ստանալուց հետո կանի շատ սադրանքներ, օրինակ՝ կփորձի զորք մցնել Արցախի մնացյալ հատված»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։
Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար գլխավոր խնդիրը մեկ օր շուտ բանակի վերականգնումն է մինչդեռ ներկայիս իշխանությունները նոյեմբերի 9-ից հետո այդ ուղղությամբ որևէ քայլ չեն արել։ ։
«Այս իշխանությունները զբաղված են միայն իրենց աշխատասենյակների կահավորմամբ։ Քանի չկա բանակ, Ադրբեջանը միշտ փորձելու է ստեղծել նմանատիպ իրավիճակներ։ Ոչ մեկը չունի երաշխիք, որ թուղթը պոկելուց հետո, ինքը չի գնա առաջ և նոր թուղթ չի պահանջի։ Սա է իր քաղաքականությունը։ Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ հազարամյակներ շարունակ նման մեթոդներով են գործել։ Սա Եվրոպան չէ, որտեղ պայմանագրերը կարող են հարյուրավոր տարիներ գործել»,- ընդգծեց Արգիշտի Կիվիրյանը։
Արգիշտի Կիվիրյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը վերածվել է Հայաստանի աղետի կործանիչի։
«Այս անձը չի տիրապետում արտաքին քաղաքական հմտությունների, թե ինչ դիտավորություններ է անում ապագայում պետք է պարզի քննությունը, երբ ինքը չլինի իշխանության։ Նիկոլ Փաշինյանն ամենավատ տարբերակներից միշտ ընտրում է վատագույնը։ Եվ կանգնել ու ազգին պատմել հերթական սուտը, որ սա լավագույն հայանպաստ փաստաթուղթն է, իր ցինիկության նոր գագաթն է։ Իր ցինիկությունն առհասարակ անսպառ է և ամեն անգամ իր ցինիկությամբ ինքը նոր գագաթներ է նվաճում»,- ավելացրեց Արգիշտի Կիվիրյանը, տեղեկացնում է News.am-ը։