Մարուքյան․ Չեն կարող ինքնաձիգը մեր գլխին դնել ու ասել՝ եկեք քննարկենք ով որտեղ է կանգնելու

Սահմանային խնդիրներն ապագայում կարող են քննարկվել, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի ներքո։ Կուսակցության երրորդ համագումարում հայտարարեց ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ սուվերեն տարածքից։

«Մեզ առաջարկում են՝ եկեք ինքնաձիգը դնենք ձեր գլխին, և էդ ինքնաձիգը ձեր գլխին դրած ձեզ հետ քննարկենք, թե սա մե՞ր սահմանն է, թե՞ ձեր սահմանն է։ Եվ ամբողջ աշխարհով մեկ մենք աղաղակում ենք, աշխատում ենք, զբաղվում ենք, մեր գործընկերներին համախմբում ենք այս պրոցեսում, որ չի կարող լինել մի իրավիճակ, երբ ինքնաձիգը մեր գլխին դնեն և ասեն՝ եկեք քննարկենք՝ ով որտեղ է կանգնելու»,- նշեց Մարուքյանը։

Նրա խոսքով՝ միջազգային հանրության և դիվանագիտության աշխատանքի միջոցով պետք է ճնշում գործադրել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։

Մարուքյանի կարծիքով՝ կրակել միշտ կարող ենք, բայց դա վերջին հանգրվանն է, պատերազմն էլ վերջին որոշումն է։

«Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց-մահու կռիվ է տրվել, բայց հիմա պետք է այնպես անել, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ, միջազգային ճնշմամբ թշնամուն դուրս հրավիրենք ՀՀ սահմաններից»,- հայտարարեց Մարուքյանը։

Նա ընդգծեց՝ մեր ճանաչած թշնամու կողքին Հայաստանն ունի ևս մի թշնամի, որի մասին կարծես թե չենք ուզում խոսել։ Շեշտեց՝ այդ թշնամին ատելությունն է։

«Երկիրը բաժան-բաժան է արված, մեր հասարակությունը լցված է ատելությամբ, էդ ատելությունը քարոզվում է երկար ժամանակ»,- նշեց Մարուքյանն ու հավելեց՝ իրենք մերժում են այդ ատելությունը։

Նրա խոսքով՝ ատելությունը շարունակվում է նոր թափով նախընտրական այս շրջանում, ինչը շարունակում է թուլացնել ու մասնատել մեր հասարակությանը։

«Երբ թշնամին մտնում է ՀՀ տարածք, մենք մեկ ատելու կերպար ունենք՝ այդ թշնամին է, որը մտել է ՀՀ սուվերեն տարածք»,-ասաց նա, տեղեկացնում է Sputnik Armenia։