ԱՄՆ-ում և Եվրոպայում կոչ են արել արգելել ցանկացած թռիչք Բելառուսի վրայով

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի և Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին, հայտարարություն է տարածել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի կապակցությամբ և կոչ է արել արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անհապաղ հետաքննել պետությունների միջև ազատ տարանցման ակնհայտ խախտումը և սպառնալիքներն ավիացիայի համար»,- ասված է Մենենդեսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:

Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել Բելառուսի անդամակցությունն ICAO-ին և «արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով, այդ թվում` թռիչքները դեպի երկիր և երկրից», քանի դեռ հետաքննություն չի կատարվել:

Բացի այդ, հաղորդագրությունն առաջարկ է պարունակում ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրներին` պատժամիջոցներ կիրառել Մինսկի դեմ և կասեցնել Բելառուսի իշխանությունների կողմից «Ինտերպոլի և այլ միջազգային կազմակերպությունների օգտագործման հնարավորությունը Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար»:

«Մենք կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասևիչին և բոլոր մյուս քաղբանտարկյալներին»,- նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ryanair-ի օդանավը ականապատման մասին հաղորդումից հետո շտապ վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքում: Ապա պարզվեց, որ հաղորդումը կեղծ էր: Ուղևորների թվում էր ընդդիմադիր Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչը, ում բերման ենթարկեցին փաստաթղթերը ստուգելիս:

Ինչպես պարզաբանել են Բելառուսի Պաշտպանության նախարարությունում, ինքնաթիռն ուղեկցելու համար օդ է բարձրացվել «ՄիԳ -29» կործանիչը:

ԵՄ երկրների շատ քաղաքական գործիչներ և եվրոպացի պաշտոնյաներ կոչ են անում միջազգայնորեն հետաքննել միջադեպը, որը նրանք երրորդ երկրների տարածքում ԵՄ երկու պետությունների միջև թռնող ինքնաթիռի հարկադիր վայրէջք են համարում, տեղեկացնում է News.am: