Արա Այվազյանն ընդունել է Իրանի դեսպանին

ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպման առանցքում էին տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերը։ Անդրադարձ կատարվեց ՀՀ սահմանամերձ մարզերում Ադրբեջանի սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությանը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զինված ուժերի անհապաղ և անվերապահ դուրսբերման հրամայականը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական օրակարգի մի շարք հարցերի շուրջ, հատուկ անդրադարձ է կատարվել վերջին շրջանում տեղի ունեցող բարձրաստիճան այցերին և դրանց արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տեղեկացնում է Sputnik Armenia: