Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ․ ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ ՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԱՌԱՋ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ 4 ԿՈՂՄԻՑ Է ՇՐՋԱՓԱԿՎԵԼՈՒ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի և քաղաքագետ Էդգար Էլբակյանի հիմնած «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն իր «Մարզահոս» արտահերթ թողարման ժամանակ անդրադարձել է Տավուշի մարզի շուրջ շրջանառվող լուրերին:
«Գնալով էլ ավելի մեծ հավաստիության աստիճան ու պաշար են ձեռք բերում տագնապալից այդ լուրերը: Հրապարակվել և իշխանությունների կողմից կիսահաստատվել է՝ Ադրբեջանը հերթական, արդեն երկրորդ կապիտուլյացիոն համաձայնագիրն է պարտադրում Հայաստանին հանձին նրա դե ֆակտո իշխանություններին, որտեղ այս անգամ խոսք կա նաև Խորհրդային Միության վարչական բաժանմամբ անկլավների փոխանակման կամ հանձնման մասին»,- հաղորդման ժամանակ ասում է Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով, ինչպես գաղնազերծվել է և մեծ հաշվով չի էլ հերքվել, եթե երկրորդ կապիտուլյացիոն համաձայնագրով սահմանագծումն իրականացվի երեք սկզբունքներով՝ սովետական գլխավոր շտաբի վերջին հրատարակության քարտեզներով, այսպես կոչված աշխարհագրական նպատակահարմարությամբ և գետնի վրա առկա իրավիճակով, ապա ոչ միայն Տավուշի մարզի նախկին Վերին Ոսկեպարի անկլավն է անցնելու Ադրբեջանին, այլևս այնտեղ, որտեղ այսօրվա առաջնագիծն է, նույնպես առաջ են գալու, հայտնվելու են Հայաստանից Վրաստան տանող մայրուղու մի քանի հատվածի վրա:
«Սա նշանակում է, որ ինչպես Հայաստան-Իրան մայրուղու դեպքում ունենք այդ խնդիրը, որ ճանապարհի երկու հատվածը նրանց վերահսկողության տակ է, նրանցն է, այնպես էլ այստեղ ենք նույնը ստանալու»,- ասում է քաղաքագետը:
Նա նշում է, որ դրա արդյունքում Ոսկեպար գյուղը մեծ հաշվով դատարակվելու է, այդտեղ տարրական անվտանգություն հնարավոր չէ ապահովել, նաև կենսապայմաններ, գործ կունենան նաև մշակութային հուշարձանների կորստյան հետ, բացի այդ զինված թշնամուն, անօրինական, կարող ենք տեսնել Վանաձորում, Ստեփանավանում. «Հայաստանն արդեն կորցնում է դիմադրողականության վերջին պաշարները, Հայաստանի դանդաղ մահն է»:
Նման իրավիճակում, ըստ քաղաքագետի, նախ և առաջ պետք է վերաբարձրացնել, չթողնել որ ոչ մի կերպ մարի Արցախի հարցը:
«Թշնամին ինչո՞ւ է փորձում Տավուշում և Սյունիքում մեզ համար խնդիրներ հարուցել: Նախ ունի դրա հնարավորությունը, թույլ ենք տվել, ինքն էլ հարուցում է, երկրորդ՝ ունի հեռահար նպատակ՝ տարվենք այս խնդիրներով, մոռանանք այն մի բնագիծը, բայց եթե այն մոռանանք, այստեղ ավելի հեշտ է առաջ գալու, ընդհուպ մինչև Երևան»,- ասում է Է. Էլբակյանը:
Ըստ նրա, այն, ինչ մեզ իբր խոստանում են, ապաշրջափակում չէ, քանի որ թշնամին՝ Իրան գնացող մեր ճանապարհը վերցրեց, հիմա ցանկանում է Վրաստան գնացող ճանապարհը. «Գիքորի լեզվով, բայց մեզ Գիքորի տեղ դրած ասելու է՝ էստի համեցեք, իմ տարածքով գնացենք, իր տարածքն է՝ երբ կուզիչ, կբացի, երբ կուզի, կփակի: Մենք կանգնած ենք մի սպառնալիքի առաջ, որ Հայաստանը 4 կողմից է շրջափակվելու»: