ԿԴԱՌՆԱ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽԸ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԻՋԵՎԱՆ
Նոր փաստաթղթի ստորագրումով Փաշինյանը «կշրջի Հայաստանի պատմության վերջին էջը»
Իլհամ Ալիևը վերջին օրերին արտասովոր «խաղաղասեր» է դարձել։ Այն երկրի ղեկավարը, որի զորամիավորումները ներխուժել են հարևան ինքնիշխան պետության տարածք և հրաժարվում են դուրս գալ ահա արդեն 13 օր շարունակ, քաղցր ճառեր է արտասանում այդ պետության հետ խաղաղության պայմանագրի և առևտրային համագործակցության մասին: Ընդ որում գրեթե ամեն օր տեղի են ունենում մերթ ընհարումներ խաղաղ բնակիչների կամ զինվորների հետ, մերթ անասունների առևանգում, մերթ հրաձգություն, ադրբեջանցի զինվորներն ամրություններ են կառուցում օտար տարածքում, իսկ Հայաստանի Հանրապետությունը բռնազավթած զինծառայողների թիվն ավելանում է։ Բայց դա չի խանգարում Ալիևին հավաստիացնել, թե ինքը «պատրաստ է խաղաղության»։ Մեկ պարտադիր պայմանով. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմամբ։
Պարզ ասած, Հայաստանը պետք է համաձայնի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։ Հենց դա է Բաքվի և Անկարայի ռազմավարական նպատակը պատմական այս փուլում։ Ալիևին կարելի է հասկանալ. եթե հանկարծ Երևանում իշխանությունը փոխվի, ապա իր ծրագրերը կխափանվեն։ Բաքվի բռնապետը գերազանց գիտի դա, ուստի նաև լկտիաբար հույս է հայտնում, թե «ընտրություններից հետո այդ հարցում հստակությունն ավելի մեծ կլինի»։ Ասել է թե՝ Փաշինյանը, որին նա ձգտում է ամեն կերպ պահել իշխանության ղեկին, ոչ մի բանով կաշկանդված չի լինի, և նրան ոչինչ չի խանգարի ստորագրել Հայաստանի համար խայտառակ ևս մեկ փաստաթուղթ, որն ամբողջությամբ տեղավորվում է թուրքական շահերի համատեքստում։
Երկրի նախագահը, որի հրամանով բազմաթիվ հանցագործություններ են կատարվել Արցախի ժողովրդի դեմ ինչպես նախքան 2020թ. սեպտեմբերի 27-ը, այնպես էլ 44-օրյա պատերազմի ընթացքում, այսօր էլ շարունակում է իր հանցագործությունները՝ չազատելով հայ գերիներին, ոչնչացնելով կամ յուրացնելով Արցախի պատմամշակութային ժառանգությունը: Նրա հրամանով պարբերաբար մեծ ու փոքր սադրանքներ են տեղի ունենում ճանապարհներին, բնակավայրերի մերձակայքում, խաղաղ քաղաքացիների դեմ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ, նրա հրամանով հայ ուխտավորներին արգելում են այցելել հայկական Դադիվանք…
Բայց այս ամենի համար Ալիևը չի ենթարկվում պատասխանատվության, որովհետև Հայաստանի իշխանություններն աշխատում են հօգուտ նրա, որովհետև դավաճանությունը շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Երևանում Կառավարության տանը նստած է թուրքի դրածոն։ Հենց այդ պատճառով էլ Ալիևն անընդհատ պնդում է, թե իբր՝ Ղարաբաղի հարցը փակված է, փորձելով տպավորություն ստեղծել, թե Արցախի կարգավիճակի հարցը լուծված է վերջնականապես, ուրեմն պետք է շարժվել առաջ՝ «դեպի խաղաղություն»։ Թուրքերի պատկերացմամբ՝ դեպի արդեն բուն Հայաստանի տարածքի զավթում, սողացող էքսպանսիայի ճանապարհով, որը նրանց դրածոն, ինչպես ցույց տվեցին վերջին գրեթե 2 շաբաթները, մտադիր չէ կասեցնել։
Հայաստանի ողջ հասարակությանը փոթորկած փաստաթուղթը ստորագրման դեպքում խոստանում է Ալիևին հենց դա. պաշտոնական Երևանի հրաժարում Հայաստանի անքակտելի մասից՝ Արցախից, և ճանաչում որպես Ադրբեջանի մաս։ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ դրան հաջորդող սահմանագծման և սահմանազատման գործընթացով, նշանակում է հենց այն, ինչի մասին վերջին օրերին ահազանգում ու գոռում են Հայրենիքի ճակատագրով մտահոգ փորձագետներն ու քաղաքական գործիչները։ Դա կլինի արդեն բնավ ոչ Կովբյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի կասկածելի որոշումը, որը կանխորոշեց հայոց աշխարհի ճակատագիրը 70 տարով և հանգեցրեց հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի և հաղթանակի՝ 1994թ.մայիսին։ Դա կլինի մի փաստաթուղթ, որի տակ կլինի հայկական անկախ պետության ղեկավարի ստորագրությունը։
Ճիշտ է, իրավաբանական բնույթի մի շարք հանգամանքներ այդ ստորագրությունը դարձնում են ոչ լեգիտիմ, բայց Ալիևին այդ իրավական նրբություններն առանձնապես չեն հուզում. նրան անհրաժեշտ է փաստաթուղթ, որն օրինականացնում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի իրավունքները պատմական այս հատվածում՝ 21-րդ դարում։
Փաշինյանի կողմից փաստաթղթի ստորագրումն ու սահմանազատման գործընթացի մեկնարկը գոյաբանական այնքան սպառնալիքներ կստեղծեն Արցախի և Հայաստանի համար, և դրանք այն աստիճան փոխկապակցված են ու ակնհայտ, որ այդ մասին խոսելն անգամ ավելորդ է։ Վայրկենապես մտաբերում ես Մոնթե Մելքոնյանի նախազգուշական խոսքերը. «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: «Թավշե» հեղաշրջման օրերին մեծ Մոնթեին եռանդագին ընդօրինակող ոչնչությունը՝ Նիկոլ անունով, այսօր փորձում է անել հենց դա. շրջել Հայաստանի պատմության վերջին էջը։ Ցինիկաբար պնդելով, թե դա «100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի շահերին»…
Փաշինյանը, անշուշտ, շատ լավ հասկանում է, որ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, անխուսափելի թրքացման է դատապարտում այն։ Շատ լավ հասկանում է, որ արդեն լիարժեք իշխանություն ստանալով Արցախի նկատմամբ՝ Ալիևն ու Էրդողանը անմիջապես սկսելու են հանրապետությունը հայերից մաքրելու գործընթացը, ընդ որում անելու են դա տարբեր, բայց ամեն դեպքում ցեղասպան միջոցներով։ Համաձայն ՄԱԿ-ի կոնվենցիայի՝ ցեղասպանությունը ոչ միայն որոշակի հատկանիշով մարդկանց խմբի սպանությունն է, այլև «որևէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը»։ Եթե որևէ մեկը կասկածի տակ է առնում նման պայմաններ ստեղծելու թուրքերի բացառիկ ունակությունը, թող հիշի երբեմնի հայկական Նախիջևանը։ Ինչպես նաև՝ նայի, թե ինչ է արդեն այսօր կատարվում Արցախում և Հայաստանի սահմաններին։
Համաձայնելով կատարել Ալիևի բաղձալի երազանքը և նրան նվիրել Արցախը՝ Փաշինյանը դրանով իսկ Ադրբեջանի դեմ ագրեսիայի կվերածի Հայրենիքի մի մասը վերադարձնելու հայ ժողովրդի ապագա ցանկացած փորձ։ Ինչ-որ ժամանակ կրկին հաղթանակով պսակվելիք հենց այդպիսի փորձերի անխուսափելիությամբ է թելադրված Ալիևի մոլի սարսափը ռևանշի նկատմամբ։ Արդեն հանրահայտ դարձած «Ո՞վ ասաց, թե հայրենիքը կարելի է ազատագրել միայն մեկ անգամ» արտահայտությունը հենց այդ մասին է։ Փաշինյանը, համաձայնելով ստորագրել փաստաթուղթը, Հայրենիքը կրկին ազատագրելու բոլոր գործողություններն ինքնաբերաբար կճանաչի հանցավոր ոտնձգություն Ադրբեջանի տարածքի նկատմամբ:
Միջազգային հանրությանը որևէ բան ապացուցելն այդ դեպքում արդեն չափազանց դժվար կլինի։ Եթե մեզ այդպես էլ չհաջողվեց դա անել՝ ունենալով ընդամենը բոլշևիկների կուսակցական մարմնի ապօրինի որոշումը, ապա պետության ղեկավարի պաշտոնակատարի, իսկ գուցեև՝ գործող վարչապետի (ընտրություններից հետո, ինչպես հույս ունի Ալիևը) ստորագրությունը Բաքվի ձեռքում կդառնա ամենահամոզիչ փաստաթուղթ, որը բացառում է Արցախը խաղաղ ճանապարհով Հայաստանին վերադարձնելու որևէ փորձ։ Եվ Փաշինյանը, անշուշտ, գերազանց հասկանում է դա։ Բայց համաձայնում է։
Մինչդեռ, բացի վերը նշված և էլի բազմաթիվ այլ փաստարկներից, կա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի փաստաթուղթը։ Այդ որոշումն ընդունվել է տեր-պետրոսյանական ՀՀՇ-ի դեմ ընդդիմադիր պատգամավորների տանջալից պայքարի արդյունքում և կոչվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին»։ Փաստաթղթի կետերից մեկն ասում է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Այդ փաստաթուղթը ոչ ոք չի չեղարկել։
Մեջբերենք քաղաքագետ Էդգար Էլբակյանի գրառումն այդ առնչությամբ. «1992թ. հուլիսի 8-ին ՀՀ օրենսդիր մարմինն ընդունել է որոշում՝ պարտավորվելով հետևողականորեն սատար կանգնել ԼՂՀ և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը և ՀՀ համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂՀ նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Ստորագրելով և անարգել կյանքի կոչելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ գրավոր հայտարարությունը, որով ճանաչվել է ինչպես առհասարակ Արցախի, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքների մի մասի նկատմամբ Ադրբեջանի փաստացի օկուպացիան՝ ՀՀ դե-ֆակտո ղեկավարը օրենք է խախտել։ Եթե այս նոր կապիտուլյացիոն և հակաօրինական փաստաթղթի հիման վրա «ճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ապա կրկնակի հանցագործ է դառնալու ոչ միայն պետության դե-ֆակտո ղեկավարը, այլ բոլոր «ԿՈՂՄ» սեղմող պատգամավորները»։
Հասկանո՞ւմ է արդյոք Փաշինյանը, որ նոր փաստաթուղթ ստորագրելու համաձայնությունը Արցախի հանձնման երկրորդ փուլն է, այժմ արդեն ամբողջությամբ, հերթական դավաճանական քայլը, որը կդառնա հայ ժողովրդի նոր հայրենազրկման փաստաթղթային հաստատում։ Անշուշտ։ Նա շատ լավ գիտակցում է, որ այդպիսով կանի այն, ինչի մասին զգուշացնում էր Մոնթեն. կշրջի Հայաստանի պատմության վերջին էջը։ Այն Հայաստանի, որին մարդկության պատմությունը ճանաչում է դարեր շարունակ, բայց որը ոչինչ չի նշանակում իր պես ոչնչությունների համար, և իր մեղքով կդառնա արդեն լիովին ու ամբողջությամբ «Թուրքահայաստան»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Դե, իսկ Արցախը շատ արագ կկրկնի Նախիջևանի ճակատագիրը. շատ շուտով հայկական երկրամասում հայկական ոչինչ չի մնա։ Բայց դա ամենից քիչ է մտահոգում «Նոր Հայաստան» կառուցող Փաշինյանին՝ առանց իր ծրագրերին խանգարող Արցախի, որը նա թեթև սրտով վաճառեց իր թուրք տերերին։
«Եթե չլինեն Արցախն ու Սյունիքը, չի լինելու հայությունն առհասարակ և հայոց պետականությունը։ Որևէ մեկը, ՀՀ որևէ ղեկավար չի կարող Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս», - օրերս հայտարարեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Մինչ արցախցի հայերը մեծ դժվարությամբ ուշքի են գալիս սարսափելի պատերազմի հետևանքներից և փորձում ի հեճուկս ամենի կրկին սկսել ապրել հայրենի հողի վրա, մինչ միջնորդները խոսում են Արցախի կարգավիճակի որոշման անհրաժեշտության մասին, մինչ ընդդիմադիր հայ քաղաքական գործիչները խոսում են գոնե ԼՂԻՄ-ի շրջանակներում Արցախի միջազգային ճանաչման հնարավորության մասին, գտնվեց այնուամենայնիվ «ՀՀ ղեկավար», որը պատրաստ է և շտապում է անել հակառակը:
Նա մտադիր է օգտագործել իր ևս մեկ ոչ լեգիտիմ ստորագրություն, որպեսզի փակի Հայաստանի պատմության վերջին էջը և բացի արյունոտ ու հանցավոր թուրքական պատմության նոր էջեր։ Եվ դա կդառնա հայ ժողովրդի դեմ նրա ևս մեկ ծանրագույն հանցագործությունը, որը նա կկատարի Ալիևի և Էրդողանի ցեղասպան ընկերակցությամբ։