ՀՀ ԱԳՆ․ Հայաստանը պատրաստ է միջազգային հետաքննություն ներգրավել

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստին:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է»,– ասված է ԱԳՆ–ի հայտարարության մեջ:

Արտաքին գերատեսչությունն ընդգծում է, որ հակառակ միջազգային հանրության կոչերի, Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը և խաթարելով տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկելու անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար»,– նշում է ԱԳՆ–ն` հավելելով, որ Ադրբեջանը փորձում է քողարկել Հայաստանի տարածքում իր ապօրինի ռազմական գործողությունները կեղծ տեղեկատվությամբ։

Ի պատասխան, հայկական կողմը հայտարարում է, որ պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով, տեղեկացնում է Sputnik Armenia: