ՄԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐՆ ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ՉԵՆ ԿՈՉՈՒՄ

Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ, սակայն Հայաստանի սահմանից դա չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները պատշաճ գնահատական չեն հասցնում և իրերն իրենց անունով չեն կոչում: Ես կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողություններին:

Մեր հանրության շրջանում և մեր բոլորի մոտ կա ակնկալիք, որպեսի ՀԱՊԿ-ը շատ օպերատիվ արձագանքի տեղի ունեցող իրադարձություններին: Այդ օպերատիվ արձագանքի հապաղումն է միգուցե, որ հանգեցնում է նման զարգացումների և էսկալացիաների: Կարծում եմ՝ հետագա լարումներից ու բախումներից խուսափելու համար այն անվտանգային համակարգը, որին մաս է կազմում Հայաստանը, այն միջազգային գործընկերները, որոնց անհանգստացնում է Հարավային Կովկասում նման անթույլատրելի գործողություններն ու զարգացումները, ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխան պետության նկատմամբ, պետք է հստակ գնահատական ստանա»,-ասաց նա:

News.am