Գեղարքունիքի մարզպետը հայտնեց` ինչ է քննարկվել կառավարության նիստի դռնփակ հատվածում
ՀՀ կառավարության այսօրվա նիստի դռնփակ հատվածում քննարկվել են Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում իրավիճակի հետ կապված հարցեր։ Այսօր նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Տարբեր հարցեր ենք քննարկել` և՛ մեզ հետ կապված, և՛ պաշտպանության գործընկերների, փոխադարձ համագործակցության, որն ամենօրյա պրոցես է, նաև որոշակի հանձնարարականներ ենք ստացել»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է իր ղեկավարած մարզի տարածքից հայ զինծառայողների` ադրբեջանցիների կողմից առևանգվելու փաստին, Սանոսյանը հայտնեց, որ հարակից գյուղից բնակիչներին տարհանելու կարիք այս պահին չկա։
«Միջադեպը տեղի է ունեցել սահմանին մոտ տարածքում և ոչ թե բնակավայրի հատվածում»,– ասաց Սանոսյանը։
Մարզպետը նշեց նաև, որ Գեղարքունիքի տարածքում հակառակորդի թվաքանակն իրեն հայտնի է, բայց հրաժարվեց թիվ հրապարակել։
«Մենք ինֆորմացիային տիրապետում ենք, գիտենք` որտեղ են, քանի հոգի են, տեղաշարժը գիտենք։ Երբեմն տեղափոխվում են, վայրեր կան, որտեղ նրանց թվաքանակը նոսրացել է, բայց կարծում եմ` ճիշտ չէ հիմա թվաքանակ հրապարակելը»,– ասաց Սանոսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։