Վլադիմիր ԼԵՊԵԽԻՆ. ՆԵՐԿԱՅԻՍ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ԵՆ ՍՊԱՌՆՈՒՄ

Ներկայիս մարտահրավերները հայոց պետականությանը սպառնում են ինչպես նոր պատերազմով, այնպես էլ երկարաժամկետ քաղաքական անկայունությամբ: Այս մասին «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության և «Ժողովրդի ձայն» փորձագիտական ակումբի կազմակերպած երևանյան քննարկման ժամանակ հայտարարեց ռուս քաղաքագետ, ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը:

Նա կոչ արեց դիտարկել երկրում տեղի ունեցող գործընթացները ոչ միայն ընթացիկ ժամանակահատվածում, այլ դեպի անցյալը գնալով:

Ըստ նրա, և Ռուսաստանում, և Հայաստանում այսօր պետականության ճգնաժամ է դիտարկվում, և այս իմաստով Հայաստանում տեղի ունեցող գործընթացները նման են նրան, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում:

«Ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ հասարակությունը բաժանված է, մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Դա նորմալ է, բայց ժամանակն է ընտրություն կատարել: Կարևոր է հասկանալ, որ պատերազմ է ընթանում տարբեր ոլորտներում՝ մշակույթից մինչև լրատվամիջոցներ: Այն ուղղված է ավանդական արժեքների ոչնչացմանը: Երբ 30 տարի առաջ ԽՍՀՄ-ը փլուզվեց, հայ հասարակությունը միահամուռ էր և հանդես էր գալիս անկախության օգտին, բայց այժմ Հայաստանի ապագայի հանդեպ մոտեցումներն այլ են: Մի բան պարզ է՝ Հայաստանի ապագան մշուշոտ է»,- հավելեց փորձագետը:

Լեպեխինի խոսքով՝ եթե օբյեկտիվորեն գնահատենք իրավիճակը Հայաստանում, ապա դա փակուղի է` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության մեջ: Բացի այդ, թշնամին կրկին ակտիվացել է, նա ոչնչի առաջ կանգ չի առնելու և կշարունակի իր տարածումը հայկական տարածքներում:

«Ադրբեջանի դիրքն այս առումով ավելի բարենպաստ է, քանի որ նրա բնակչությունն աճում է, իսկ Հայաստանում այն նվազում է տարբեր պատճառներով, ինչը չի կարող չանդրադառնալ երկրի ապագայի վրա»,- եզրափակեց քաղաքագետը:

News.am