Ռոմանոս Պետրոսյանը ՌԴ-ում խոսել է Արցախի դեմ Ադրբեջանի կիրառած քիմիական զենքերի մասին
Սանկտ Պետերբուրգում ընթացող Նևյան միջազգային բնապահպանական 9-րդ համաժողովում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը բարձրաձայնել է 44-օրյա պատերազմի օրերին Արցախի դեմ իրականացված ռազմական հանցագործությունների մասին:
Պետրոսյանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն Արցախի ժողովրդի դեմ կիրառել են միջազգայնորեն արգելված կասետային զինամթերք, սպիտակ ֆոսֆոր կամ թերմիտային նյութեր պարունակող զենքեր։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով` այս գործողությունների հետևանքով Ադրբեջանն անուղղելի վնաս է հասցրել շրջակա միջավայրին՝ լայնամասշտաբ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և բուսական ու կենդանական աշխարհի թունավորում։
Ռոմանոս Պետրոսյանը խոսել է նաև պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմի շարունակական ագրեսիայի և ոտնձգությունների մասին Հայաստանի Հանրապետության նկատմամբ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։