Վիգեն ԱՐԱԲՅԱՆ․ «ԱՐՑԱԽԸ ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՕՂԱԿՆ Է»
«Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն հիմնադրվել է 2016 թ. ապրիլի 3-ին ՝ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձահարած քառօրյա Ապրիլյան պատերազմի հենց հաջորդ օրը: Կազմակերպությունն իր գործունեությունը սկսեց Պաշտպանության բանակին աջակցություն ցուցաբերելուց և շարունակեց այն ինչպես հետագա տարիներին, այնպես էլ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ: ՀԿ-ն, որը բացի Հայաստանից մասնաճյուղ ունի նաև Լոս Անջելեսում, այսօր էլ է օգնում բանակին և իրականացնում բազմաթիվ այլ ծրագրեր, որոնց մասին կարելի է տեղեկանալ իր երկլեզու (հայերեն, անգլերեն) Youtube ալիքից և www.supportourheroes.am պաշտոնական կայքից:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ Վիգեն Արաբյանի նախաձեռնությամբ: Հայրենիքի նվիրյալ՝ Վիգենը այսպես ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը. «Ես ծնվել եմ Լիբանանում, հայրս՝ Սիրիայում: Ես տիգրանակերտցու թոռ եմ: Հովհաննես պապս Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտից էր՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած, հրաշքով փրկված և Սիրիայում ապաստան գտած: Իմ երեխաները ծնվել են ԱՄՆ-ում, սակայն 16 տարի առաջ ես ընտանիքիս հետ հայրենադարձվեցի Հայաստան: Ես ինձ համարում եմ հայաստանցի, քանզի հայաստանցի եմ ծնվել: Պապս բռնի տեղահանվել էր Տիգրանակերտից՝ արցախցիների պես, որոնք կես տարի առաջ ևս տեղահանվեցին մեր երկրորդ Տիգրանակերտից և Արցախի հայկական այլ տարածքներից: Երկու Տիգրանակերտներն էլ ինձ համար Հայաստան են, որտեղ դարեր ի վեր հայեր են բնակվել, ուրեմն, ես բնիկ հայաստանցի եմ: Ցավոք այսօր մենք կորցրել ենք մեր երկու թագավորանիստ քաղաքները, բայց պետք է հիշենք. հողը մեզ է պատկանում այնքան, ինչքան մենք ապրում ենք այդ հողի վրա և արարում: Հենց այդ պատճառով էլ այսօր մենք վերաբնակեցման գործընթաց ենք սկսել Արցախում և գիտակցում ենք, որ միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած քաղաքական իրավիճակի, առաջին հերթին ժողովրդագրական և ռազմական իմաստով: Արցախի վերաբնակեցման ծրագիրը մենք սկսեցինք իրականացնել 2020 թ. դեկտեմբերից, երբ հասկանալի դարձավ տեղահանվածների իրավիճակը: Ծրագրի շրջանակներում մենք մտադիր ենք բնակարաններ և տներ հատկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Ջրականի, Քաշաթաղի, Քարվաճառի, Շուշիի, Հադրութի, Ասկերանի և Արցախի այլ շրջանների մեր հայրենակիցներին»:
Ներկայումս «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն ծրագրեր է իրականացնում մի շարք ոլորտներում՝ բանակի կարիքները, այդ թվում առողջապահական խնդիրները հոգալուց մինչև Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և այլ շրջանները վերաբնակեցնելը:
Ամեն ինչ սկսվեց 2016-ի ապրիլյան պատերազմի օրերին, երբ Վիգեն Արաբյանն ու իր ընկերները որոշեցին մեկնել ռազմաճակատ ու զենքը ձեռքին պաշտպանել Հայրենիքի սահմանները: Տեղում պարզ դարձավ ՝ բանակը մարդկային ռեսուրսների կարիք չունի, բայց կան այլ լուրջ բացեր: Վիգենն ու իր ընկերները, կապվելով Պաշտպանության բանակի հրամանատարական կազմի հետ, ձեռնամուխ եղան խնդիրների լուծմանը, և արդեն ապրիլի 4-ին Արցախ մտավ առաջին ջրատար ավտոմեքենան: Այդ օրերին տղաները ապահովեցին ՊԲ-ն ավելի քան 8000 լիտր ջրով, մեծ քանակի սննդամթերքով, քնապարկերով: Կազմակերպությունը սկսեց աշխատել Հայաստանի տարբեր ձեռնարկությունների հետ, մշակեց քնապարկերի, անձրևանոցների, վրանների ձևավորումը` միջազգային ստանդարտներին համապատասխան:
Վիգեն Արաբյանն ու իր թիմը հետագայում էլ շարունակեցին իրենց լայնածավալ գործունեությունը՝ տրամադրելով բանակին հայկական արտադրության տասնյակ հազարավոր քնապարկեր, վրաններ, անձրևանոցներ: Արցախյան աշնանային պատերազմի նախօրեին նրանք Չինաստանից բերեցին և բանակին նվիրեցին 8600 ջրաման (ամբողջ պատերազմի ընթացքւմ 17.200 ՝ բարձրորակ և պատրաստված հատուկ բանակի համար: Դեռ 2017թ. Արցախ էր բերվել Toyota Land Cruiser մակնիշի առաջին ռեանիմոբիլը՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած շարժական մինի-հիվանդանոցը: Աշնանային պատերազմի ընթացքում Վիգեն Արաբյանը պատվիրեց ևս 5 նոր ռեանիմոբիլներ` բժշկական անհրաժեշտ բոլոր սարքավորումներով:
Ներկայումս «ՍԱՏԱՐԵՆՔ մեր հերոսներին» ՀԿ-ն ակտիվորեն աշխատում է մի քանի ուղղություններով: Ամենա կարևորներից մեկը Ստեփանակերտի ռազմական հիվանդանոցին կից վերականգնողական կենտրոնի ստեղծելն է:
«Նման բժշկական ծառայությունն այսօր շատ կարևոր է Արցախի համար: Այդ հարցում մենք համագործակցում ենք Հայաստանի լավագույն կլինիկաներից մեկի՝ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնի հետ, ինչպես նաև Պաշտպանության բանակի հրամանատարության և բժշկական անձնակազմի հետ», - ասում է Վիգեն Արաբյանը: - Այն բավականին մեծ է՝ 1200 ք.մ. բոլոր բաժանմունքները նեռարյալ: Շահագործման աշխատանքները վստահված են «Հայրենիքի պաշտպան» կենտրոնին, որն այս ոլորտում ունի ավելի քան 3 տարվա փորձ: Ստեփանակերտի «Զինվորի տունը» կգործի որպես երևանյան կենտրոնի մասնաճյուղ, կաշխատի ռազմական հիվանդանոցի հիմքի վրա և կօգտվի նրա ծառայություններից: Հուսով ենք, որ աշխատանքները ավարտին կհասցնենք մինչև 2021-ի վերջ - 2022-ի սկիզբ: Արդեն 3 ամիս է, ինչ աշխատում ենք Մարտակերտի ռազմական հիվանդանոցի հիմնանորոգման ուղղությամբ, որը հոկտեմբերի կեսերին թիրախավորվել էր թշնամու օդային հարվածից: Փոխում ենք տանիքները, նորոգում ենք շենքերը՝ արդեն աշխատանքի 2-րդ փուլի վրա ենք և պլանավորում ենք 3-րդ փուլը»:
Վիգեն Արաբյանը վերջերս էր վերադարձել Արցախից, ուր այս անգամ տարել էր գերժամանակակից ինվերտորային գեներատորներ: Կոմպակտ, թեթև, անիվների վրա, քիչ աղմուկ արձակող, գրեթե ծուխ չհանող, քիչ վառելիք սպառող և մաքուր էլեկտրաէներգիա արտադրող՝ նմանատիպ սարքավորում մինչ այժմ Պաշտպանության բանակը դեռ չէր ունեցել, չնայած որ Ապրիլյան պատերազմից հետո մեր դիրքերը ահագին վերակահավորված էին: Ըստ Վիգենի, տղաներին դիրքերում հենց այս տիպի սարքավորումներ են անհրաժեշտ 21-րդ դարում: Գեներատորների հետ տրամադրվել են նաև իրենց բոլոր մասերը՝ յուղը, մոմերը, օդի ֆիլտրները և այլն, որ հնարավոր լինի արնվազն 2,5 տարի այն օգտագործել:
Ինչ վերաբերում է Արցախի վերաբնակեցման ծրագրին, ապա այս պահին «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ն վերականգնում է Մարտակերտի և Կարմիր Շուկայի տները: Նախագիծը անվանել են «Կյանքի ծրագիր», այն նպատակ ունի վերստեղծել Արցախում այն հայ ընտանիքների կյանքը, որոնք պատերազմի ընթացքում կորցրեցին ոչ միայն իրենց հարազատներին, այլև ամեն ինչ՝ հայրենիքը, հողը, տները... Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում ՀԿ-ն նույնպես նախաձեռնել է 16 տների կառուցման նախագիծ՝ տեղահանված բազմազավակ ընտանիքների համար: Արցախի կառավարությունը 9 հա տարածք է նվիրել «Սատարենք մեր հերոսներին» ՀԿ-ի այս առաքելության համար: Արցախցիները տան հետ մեկ տեղ կստանան նաև 1000-1500 հեկտար հողակտորներ, անասուն, հիմնական կահույք, կենցախային տեխնիկա և այլն: Վիգեն Արաբյանը հավաստիացնում է, որ վերականգնված Նախիջևանիկը կդառնա արցախյան առանձնահատուկ մթնոլորտ ունեցող մի վայր և վերաբնակեցման ալիք կառաջացնի տեղահանվածների միջավայրում:
«Մենք չենք կարող վերադարձնել մեր զոհված հայրերին, որդիներին, եղբայրներին, բայց որպես ազգ պարտավոր ենք աջակցել մեր հայրենակիցներին և հնարավորություն ստեղծել որպեսզի իրենք վերադառնան բնականոն կյանքին», - ասում է Վիգեն Արաբյանը: - Մենք պետք է ապահովենք այն մարդկանց թիկունքը, ովքեր վերադառնում են իրենց հայրենիք, գիտակցելով, որ այսօր ստիպված են ապրել թշնամու թիրախի տակ: Ես համոզված եմ՝ յուրաքանչյուր հայ, ով այսօր ապրում է Արցախում, իրական հերոս է: Ես դրանում համոզվում եմ ամեն անգամ, երբ գալիս եմ Արցախ: Մենք շատ աշխատանք ունենք անելու, եթե ուզում ենք գոյատևել որպես ազգ, պետություն: Մեր առաջնագիծը, չնայած վտանգված Սյունիքին և Գեղարքունիքին, շարունակում է մնալ Արցախը, կամ, ինչպես ես եմ ընկալում այն՝ Արցախի մարզը, որը պետք է միանա Հայաստանին: Արցախը մեր փրկության օղակն է: Մենք պարտավոր ենք պահպանել այն, ինչ ունենք դարեր շարունակ, մենք պետք է հարատև ապրենք մեր հողերում, վերակառուցենք մեր պետությունը, բանակը, ժողովրդին և նպատակասլաց գնանք մեր պատմական Քարվաճառը, Հադրութը, Շուշին, Քաշաթաղը և Արցախի այլ շրջանները ազատագրելու ուղիով: Չէ՞ որ այստեղ է հայկական հուշարձանների և խաչքարերի մի հսկայական քանակ: Այսօր մենք չենք գիտակցում, որ կորցրել ենք ոչ միայն ռազմավարական շատ կարևոր տարածքներ, այլև մեր նախնիների երկիրը, որտեղ ապրում, աշխատում և արժեքներ էինք ստեղծում հազարամյակների ընթացքում: Արցախն անկասկած հայկական հող է, և մենք պետք է աշխատենք ամբողջովին այն ետ բերելու ուղղությամբ»:
ՎԻԳԵՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է. հաջողության հասնել եվ հաղթել հնարավոր է միայն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնության դեպքում:
«Որպես մի մարդ, ով 19 տարի ապրել է Լիբանանում, 20՝ ԱՄՆ-ում և արդեն 16 տարի է Հայաստանում, ես լավ գիտեմ թե արևելյան և թե արևմտյան Սփյուռքը: Ինձ ցավ է պատճառում, որ անկախության 30 տարիների ընթացքում մենք այդպես էլ չհասկացանք, որ մեր ազգային մտավոր և մասնագիտական ռեսուրսի 70% գտնվում է Հայաստանից դուրս: Սփյուռքում բոլոր ոլորտներում կան բարձր որակավորում ունեցող և հաջողված մասնագետներ իրենց հսկայական կապերով, որոնք կարող են մեծ օգուտ բերել հայրենիքին: Բայց ՀՀ Սահմանադրությունը և օրենքները հաճախակի խոչընդոտում են սփյուռքահայերին: Բայց չէ՞ որ նրանք օտարերկրացի են դարձել ոչ իրենց կամքով՝ շատ դեպքերում Ցեղասպանության արդյունքում, - բացատրում է Վիգենը: - Մենք համազգային ժողովուրդ ենք և պետք է ունենանք համազգային պետություն: Նոր Հայաստանում, որը, համոզված եմ, մենք կկառուցենք, անհրաժեշտ է վերանայել օրենսդրությունը, ստեղծել հայրենադարձության համար պայմաններ և Սփյուռքի մասնագետներին Հայաստանի տարբեր ոլորտներում անմիջապես ներգրավվելու հնարավորություն: Սփյուռքում կան հսկայական թվով հայեր, ովքեր պատրաստ են ծառայել մեր ընդհանուր հայրենիքին: Մենք իրավունք չունենք զլանալու այդ մարդկանց մասնակցությունը մեր երկրի կառուցման հարցում: Մեր պատմական պարտքն է՝ խոսքից գործի անցնելը և բոլորով միասին կառուցել մեր համընդհանուր հայրենիքը»:
Վիգէն Արաբյանը նշեց նաև, որ Հայաստանում ապրելով նա շատ ավելի հաղորդված է իրականության հետ, քան Սփյուռքի հայերը, որոնք շատ անգամ ապատեղեկություն են ստանում Հայաստանից ու Արցախից: Մեդիայի այս բացերի պատճառով իրենք հաճախ սխալ դիրքորոշում են ընդունում, ինչը գալիս է ոչ թե իրենց հայրենասիրության, այլ տեղեկության պակասից: Այս հարցում պատասխանատու են և Սփյուռքի կազմակերպությունները, և Հայաստանի մեդիան, ժողովուրդը, պետությունը:
«Ե՛վ պատերազմի օրերին, և՛ այժմ Արցախի վերաբերյալ Հայաստանում ու Սփյուռքում տարբեր նախաձեռնություններ են ակտիվացել: Արցախի կառավարությունն էլ իր հերթին իրականացնում է բազմաթիվ սոցիալական և առողջապահական ծրագրեր: Մենք համագործակցում ենք պետական մարմնի հետ: Մեզ պակասում է կազմակերպվածությունը, բայց այդ պահն ել շուտով կշտկվի, - ասում է Վիգեն Արաբյանը: - Մենք՝ հայերս հայտնվեցինք բարդ իրավիճակում և միասին պետք է դուրս գանք աղետից: Մեր ժողովուրդը իր պատմության ընթացքում ավելի ծանր ժամանակներ է ապրել: Ես համոզված եմ, որ մենք պատվով կհաղթահարեբք այս դժվարությունները, մի օր ետ կնայենք և կհասկանանք, որ արդեն պատրաստ ենք ազատագրել մեր զավթած հայրենիքը: Եվ կանենք այդ ոչ թե միայն ռազմական, այլ նաև ժողովրդագրական, մտավոր, մասնագիտական ճանապարհով: Որքան էլ անիրատեսական թվա, վստահ եմ, որ հայկական Քարվաճառը, Հադրութը, Շուշին, Քաշաթաղը և այլ քաղաքներն ու գյուղերը իրենց արժանի տեղը կգտնեն աշխարհի քարտեզի վրա, և Արցախը կմիանա Հայաստանին: Եթե մենք ազգովի չգնանք դեպի այս նպատակը, մենք պարզապես կվերանանք երկրագնդի վրայից»: