Tehran Times․ ԻՐԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
Վիեննայում Իրանի միջուկային բանակցությունների ֆոնին` Իրանի Իսլամական Հանրապետության սահմանին Հայաստանի և Ադրբեջանի միջև աճող լարվածությունն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարֆին վերադարձրել է տարածաշրջան, գրում է Tehran Times թերթը։
Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի քաղաքականությանը՝ թերթը նշել է, որ Իրանի արտգործնախարարը տարածաշրջանային այց է կատարել Հարավային Կովկաս, որի շրջանակում այցելել է Ադրբեջան և Հայաստան։ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի ավարտից և տարածքներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո լարվածությունը կրկին աճել է՝ այս անգամ Հայաստանի Հանրապետության հարավային սահմաններում, որտեղ, ըստ հայկական կողմի, ադրբեջանցիները խախտել են սահմանն ու 3,5 կիլոմետր առաջ եկել։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Սաիդ Խատիբզադեն Հարավային Կովկասի երկու պետություններին կոչ է արել իրենց սահմանային վեճերը կարգավորել խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով՝ հավելելով, որ Իրանը «ուշադիր և զգայուն կերպով հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող զարգացումներին»:
Ադրբեջան և Հայաստան կատարած այցերի ընթացքում Զարիֆը բարձրացրել է սահմանների հարցը։ Ալիևի հետ հանդիպման ընթացքում դիվանագետն ասել է․ «Այժմ դուք կարող եք պատմական դեր ունենալ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում»։
Երևան կատարած այցի ընթացքում Զարիֆը տեղեկացվել է սահմանային իրավիճակի մասին, որի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարի ԺՊ-ն նշել է, որ Բաքվի նկատմամբ համաշխարհային լռության պայմաններում Ադրբեջանը ձգտում է «նոր աշխարհաքաղաքական իրողություն» ստեղծել։
Զարիֆը Կովկասն անվանել է «կարևոր տարածաշրջան», որի անվտանգության ապահովումը Իրանի ազգային անվտանգության խնդիրն է։ Նա երկու կողմերին էլ կոչ է արել զսպվածություն պահպանել, հարգել միմյանց սահմանները և երկխոսության միջոցով լուծել տարաձայնությունները:
Զարիֆը նաև ընդգծել է միջազգային սահմանները հարգելու և երկրների տարածքային ամբողջականությունը պաշտպանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև սահմանների փոփոխությունից զերծ մնալու անհրաժեշտությունը`որպես Իրանի կողմից նախանշված կարմիր գիծ: