Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին
Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարությունն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և պահվող անձանց:
«Հայ-ադրբեջանական սահմանին վերջին զարգացումները անհանգստացնող են և վտանգավոր. անհրաժեշտ է անհապաղ դեէսկալացիա: Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և պահվող անձանց», - գրված է Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ի թվիթերում։
Լյուքսեմբուրգի ԱԳՆ-ն գրառմանը կից տեղադրել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ԵՄ հայտարարությունը, որը հրապարակվել է մայիսի 28-ին:
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինը Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին:
Այնինչ Ադրբեջանի տարածքում մնում են մոտ 300 հայ գերիներ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։