Իրանական ընկերությունները կմասնակցեն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնմանը
Իրանական ընկերությունները կմասնակցեն այն տարածքների վերականգնմանը, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են հայտնվել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով, հաղորդում է Mehr-ը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը Արաքսի և Միլ-Մողանի ամբարտակների բացման 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում քննարկել են Օրդուբադում և Մարազադեում էլեկտրակայանների նախագծերի իրականացման ընթացքը:
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում բարձրացված մեկ այլ կարևոր հարց էր Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էլեկտրական ցանցերի սինխրոնիզացման նախագծի արագացումը: Նա նշել է Ադրբեջանից էներգակիրների ներմուծման շուրջ երկկողմ համագործակցության համաձայնագրի վերակենդանացման մասին:
Արդաքանիանը հավելել է, որ իրանական կողմը հաստատել է Ադրբեջանի վերջերս «ազատագրված շրջաններում» շինարարության, ջրամատակարարման և ելեկտրամատակարարման տարբեր ոլորտներում իրանական ընկերությունների մասնակցությունը, տեղեկացնում է News.am-ը: