Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում

Եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն այս պահին չեն շարունակվում։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի հետ եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը։

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Իսկ այս իրավիճակում, այսինքն` սահմանին տիրող լարվածության ֆոնին, չեմ կարծում, որ կառուցողական կլինի շարունակել այդ աշխատանքները»,–ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով` վերջին շրջանում այդ հարթակում աշխատանքներն ընդհատվել են։ Գրիգորյանը հստակեցրեց` մասնավորապես հայ–ադրբեջանական սահմանին սկսված լարվածությունից հետո է ընդհատվել խմբի աշխատանքը, տեղեկացնում է Sputnik Armenia։