ՄՆԱՑԵԼ Է 19 ՕՐ

Երբեմն թվում է, որ Նիկոլը հրաժարական չէր տալիս ոչ միայն վախի զգացումի պատճառով։ Չէ՞ որ նա չէր կարող չհասկանալ, որ ինչքան շուտ հրաժարական տա, այնքան լավ Հայաստանի համար։ Չէր կարող չհասկանալ, որ իր կառավարման յուրաքանչյուր ավելորդ օրը հանրապետությանը բերելու է նորանոր փորձություններ։ Չէր կարող չհասկանալ նաև, որ իր իսկ թիմի համար ավելի լավ կլիներ ընդունել Հայրենիքի փրկության շարժման նախնական առաջարկը և ընտրել ժամանակավոր կառավարություն։

Դեռեվս նոյեմբերի 10-ին Նիկոլը կարող էր ասել «Ներեք մարդիկ, թե կարող եք, բայց ինձ մոտ չստացվեց։ Ուստի ես հեռանում եմ»։ Եվ մեկ տարվա ընթացքում, լոկ որի լրանալուց հետո էր միավորված ընդդիմությունն առաջարկում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, Նիկոլի թիմից նրանք, ովքեր ամեն քայլափոխի Հայրենիքը ծախող անուղղելի գրանտակերներ չեն, կարող էին մաքրվելու հնարավորություն ստանալ։ Այդ դեպքում նրանց ճակատին այդքան խորը դաջված չէր լինի դավաճանների այն խարանը, որն այսօր արդեն լիարժեքորեն կիսում են Նիկոլի հետ։

Բայց Նիկոլը նախընտրեց ընտրությունները։ Եվ բանը միայն հատուցման անխուսափելիության հանդեպ վախը չէ և ոչ էլ հաշվարկն առ այն, որ ժամանակն ապաքինում է վերքերը, և մարդիկ կմոռանան։ Կան բաներ, որոնք մարդիկ չեն մոռանա երբե՛ք։ Բանը նաև բնավորությունն է։ Նիկոլը չէր կարող զրկել իրեն քարոզչական վայնասունից ևս մեկ անգամ էքստազ ապրելու հաճույքից, որը նա այնքա՜ն սիրում է և առանց որի աշխարհն աչքին մթնում է։ Եվ այդ սոդոմի մեջ ևս մեկ անգամ ընկղմվելու համար այդ հիվանդ մարդն ընտրություններ նախաձեռնեց, երկարաձգելով իր հոգեվարքը, շարունակելով կյանքեր ու տարածքներ զոհաբերել, երկարաձգելով իր թիմի հոգեվարքն ու դատապարտելով Հայրենիքը նոր փորձությունների:

Ընտրություններին մնացել է 19 օր։ Շուտով կսկսվի մեծ իրարանցումը։ 22 կուսակցություն և 4 դաշինք կմասնակցի հունիսի 20-ի ընտրություններին: Իսկ չէ՞ որ դա նույնպես նվաստացում է։ Ի՜նչ աստիճանի է նսեմացրել մեր երկիրը Նիկոլը, որ հայկական ազգանունով յուրաքանչյուր ստահակ իրավունք է վերապահում իրեն հավակնելու հանրապետության բարձրագույն իշխանությանը։

Վերջերս ռեպորտաժ դիտեցի Դեմոկրատական կուսակցության համագումարից, որի ցուցակը գալիք ընտրություններում գլխավորելու է Տիգրան Արզաքանցյանը։ Ի՞նչ կարելի է ասել այդ առնչությամբ։ Տիկին Նատաշա Ռոտենբերգի գլխարկը նրբագեղ էր: Համերանգ հագուստին, կոշիկներին, շրթներկին։ Տեղը տեղին, խոսք չկա։

Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության օրը։ 2000-2002 թվականներին ծնված սերնդի առջև, որը կորսվեց Նիկոլի ու գրանտակերների իր թիմի պատճառով, մեր մեղքն անսպառ է։ Եվ այդ մեղքն այլևս անհնար է քավել Եռաբլուր այցելելով կամ որևէ այլ կերպ։

Ի՞նչ ենք մենք թողնելու նրանց, ովքեր ծնվել են 2002 թվականից հետո։ Նրանց մեծամասնությունը քվեարկելու իրավունք դեռևս չունի։ Մենք՝ ավագ սերունդը, որն ամեն ինչ տեսել է. և՛ ծանր, և՛ հաղթական օրեր, հունիսի 20-ին որոշելու է, թե ինչպիսի երկրում են ապրելու մեր զավակները։ Նիկոլի և իրեն Դոն Կոռլեոնի տեղ դրած Ալիևի կողմից անարգված, թուրքական կապիտալի տակ կքած երկրում, թե՞ այն երկրում, որտեղ ապրում էինք մենք. տարբեր խնդիրներ ունեցող, բայց հիասքանչ ու անվտանգ պետությունում։ Այս հարցի պատասխանը կիմանանք հունիսի 20-ին:

Հ.Գ.- Իսկ բացի այդ, այսօր Փաշինյանի ծննդյան օրն է։ Եվ աշխատանքային այցի պատրվակով նա նախընտրել է նշել դա Փարիզում։ Պետք է, չէ՞, մի լավ քեֆ անել վերջում:

Основная тема:
Теги: