Չոբանյան․ Ամեն ինչ արվում է, որ ՀՀ սահմաններին առկա վիճակը պատերազմի չվերածվի
Տավուշի մարզի սահմանն այնտեղ է, որտեղ այսօր դե ֆակտո կանգնած է հայ զինվորը։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար, Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանը` պատասխանելով մարզում ադրբեջանական անկլավների մասին հարցին։
«Իմ` որպես ՀՀ քաղաքացու և որպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարի, պարտականությունն այն է, որ ջանք չխնայեմ, որպեսզի այդ ստատուս քվոն որևէ կերպ չխախտվի` ի վնաս Հայաստանի»,– ասաց Չոբանյանը։
Նա նաև շեշտեց, որ ՀՀ–ին սպառնացող ռիսկերը դիմագրավելու ճանապարհը երկիրը զարգացնելն է։
«Առանց ուժեղ տնտեսության մենք չենք կարող ունենալ ուժեղ ԶՈւ, ուժեղ անվտանգային համակարգ։ Մենք մեր զինված ուժերի շտապ վերականգնման ու զարգացման խնդիր ունենք, մենք տեղեկատվական անվտանգության ապահովման շտապ վերականգնման ու զարգացման խնդիր ունենք։ Այն պահին, երբ մենք այնքան ուժեղ լինենք և սահմանի վրա կանգնած՝ զինված և մեր անվտանգային բոլոր տեխնոլոգիաներով ապահովված, որ թշնամին չկարողանա մուտք գործել մեր սահման, դա կլինի մեր ռիսկի ապահովումը»,– ասաց Չոբանյանը։
ՀՀ սահմաններին այսօր առկա վիճակը, նրա համոզմամբ, վկայում է, որ Հայաստանը մեծ ծավալի աշխատանք ունի` երկրի անվտանգությունն ու սուվերենությունն ապահովելու համար։
«Կառավարությունը, պարզ է, անում է ամեն ինչ, որ այս ամենը պատերազմի չվերածվի»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է անկլավների մասին խոսակցություններին, Չոբանյանը շեշտեց, որ չի պատկերացնում, որ նշված գյուղերում կարող են գալ ու ադրբեջանցիներ բնակվել, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։